Շուշան Պետրոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում
Երեկ վթարի ենթարկված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական բաժնից: Ուղեղի ցնցում և գանգուղեղային վնասվածք ստացած Շուշան Պետրոսյանի վիճակը գնահատվում է կայուն:
«Ծանր չի, ուղղակի անվտանգության նկատառումներից ելնելով ՝վերահսկողության տակ է առնվել»,-հայտնեցին ԱՆ-ից:
«Նաիրի» բժշկական կենտրոն են տարվել վթարի ենթարկված մեքենաների ուղևորներից երկուսը, որոնք հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ՝ ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում` Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ, բախվել էին Երևանի բնակիչներ` 38-ամյա Էդուարդ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոններ:
Reno մակնիշի տաքսի ավտոմեքենայի ուղևորը եղել է Շուշան Պետրոսյանը:










