Նախագահական նստավայրում սիրիահայ երեխաներին դիմավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը (լուսանկարներ)

13:39 • 24.12.13

Նախագահական նստավայրում ամանորյա նախատոնական հանդեսին այսօր շուրջ 200 սիրիահայ երեխա մասնակցեց: Նրանց այստեղ դիմավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ինչպես նաև «Մադագասկար» մուլտֆիլմի երեխաների սիրելի հերոսները: Նրանք միասին երգեցին, պարեցին, խաղացին մի շարք խաղեր: Երեխաներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեց ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը և մաղթեց բոլորին քաջառողջություն:


«Թող այս տարում կորեն բոլոր պատերազմները, ու մենք ապրենք խաղաղ երկրում»,- ասաց նա:


Tert.am-ի հետ զրույցում փոքրիկ Պետիկ Մուկոշյանը նշեց, որ թեև ինքը շատ ընկերներ ունի Սիրիայում ու կարոտում է նրանց, բայց այստեղ էլ իրեն ամեն ինչ դուր է գալիս և արդեն բազում նոր ընկերներ ունի: Իսկ Ձմեռ պապից նավակ է ակնկալում: «Նավակս դնելու եմ ջրի մեջ ու լող տամ»,- ասաց նա և մաղթեց, որ բոլոր երեխաները միշտ ուրախ լինեն:


6-ամյա Քրիստիանը, ով այս տարի Հայաստանում է առաջին դասարան գնացել Ձմեռ պապին արդեն նամակ է գրել, իսկ մայրիկն այն ուղարկել է: «Ձմեռ պապիկին գրել եմ, որ բերի մոտո, հեծանիվ, գնացքի կամուրջ, ավտոյի կամուրջ: Ուզում եմ, որ բոլորը բերի»,- ասաց նա:


Փոքրիկը պատմեց նաև, թե ինչպես են իր օրերը անցնում Հայաստանում: «Ամեն օր գնում եմ դպրոց, խաղում են ընկերներիս հետը, գալիս եմ տուն, հետո մյուս առավոտ եմ գնում դպրոց, էլի խաղում»,- ասաց նա:


10 տարեկան Աննան էլ, մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ ոչինչ չի ուզել Ձմեռ պապից, տուն գնալուն պես մի բան կմտածի ու նամակ կգրի: Փոքրիկը նշեց, որ Հայաստանն իր համար շատ սիրելի է, բայց արդեն հարազատ Սիրիա կուզենար մեկներ:


«Շատ եմ կարոտում մեր տունը կարոտում եմ, չնայած էստեղ արդեն շատ ընկերներ ունենք ու միշտ խաղում ենք իրար հետ: Ես կուզեմ, որ խաղաղություն լինի մեր Սիրիային»,- ասաց նա:


Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն էլ ընդգծեց, որ այս միջոցառումը ավանդական է դարձել և արդեն երկրորդ անգամ է, ինչ նախագահական նստավայրում հյուրընկալվում են սիրիահայ երեխաները:


«Երեխաները բարձր տրամադրություն ունեն, քանի որ սա մեծ իրադարձություն է նրանց կյանքում: Այստեղ հյուրընկալվելով նրանց ծնողները հասկանում են, որ գործ ունեն Հայոց պետականության հետ, և պետությունը նրանց ընդունում է գրկաբաց: Սիրիահայերը մեր ժողովրդի այն հատվածն են, որ Ցեղասպանությունից հետո կարողացան ոտքի կանգնել: Սա խոնարհում է զոհերի հիշատակի առաջ»,- ասաց նա: