Կարևոր իրադարձություն հայ-ճապոնական հարաբերություններում. ՀՀ–ում 2014թ-ին կբացվի Ճապոնիայի դեսպանատուն

19:00 • 25.12.13

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2014թ.-ի բյուջեի նախագիծը, որով, ըստ Tert.am–ի տեղեկությունների, նախատեսվում է մի քանի երկրներում դեսպանատների բացում, որոնց թվում է նաև Հայաստանը:

 

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայ-ճապոնական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, «Ճապոնացիները և ճապոնական հրաշքը» մենագրության հեղինակ Սամվել Ֆարմանյանի հետ, ով համոզմունք հայտնեց, որ դա կարևոր իրադարձություն է Հայաստան-Ճապոնիա հարաբերություններում:

 

«Մշտական ներկայացուցչությունը նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, 2010թ.-ին Ճապոնիայում բացվեց Հայաստանի դեսպանություն, և այդ տարվանից սկսած մենք նկատում ենք առաջընթաց: Մեզ համար շատ նշանակալի և ուրախալի է, որ Ճապոնիայի կառավարությունը կայացրել է նման որոշում և բյուջեում ներառել է Երևանում դեսպանություն բացելու համար նախատեսված ծախսերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը Ճապոնիայի հետ հարաբերություններին տալիս է մեծ նշանակություն.

 

«Ընդհանուր առմամբ ասիական տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և դա նախ և առաջ վերաբերում է ճապոնիային»,– ասաց պատգամավորը:

 

Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ երկու երկրներն իրար կապող շատ ու շատ ընդհանրություններ կան: Օրինակ՝ երկուսն էլ, որպես պետություն, զուրկ լինելով բնական հարստություններից, իրենց զարգացման բանալիները փորձում են փնտրել մարդկային կապիտալի մեջ:

 

Նրա խոսքով՝ Հայաստան-Ճապոնիա հարաբերություններին ՀՀ նախագահի՝ Տոկիո կատարած այցից հետո նոր շունչ է հաղորդվել, հատկապես Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի նախկին վարչապետի կողմից ընդունված համաձայնագիրը, որում հստակեցվում էին հարաբերությունների զարգացման նոր թիրախները և հայեցակետերը:

 

Ըստ պատգամավորի՝ Երևանում դեսպանություն բացելը նշանակալի է և՛ առևտրատնտեսական հարաբերությունների, և՛ քաղաքական հարաբերությունների ավելի զարգացման առումով։

 

«Ճապոնիան միջազգային հանրության հեղինակավոր անդամներից մեկն է, և այն ինչքանով մեծացնի իր ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, այդքանով մենք կարող ենք վստահ լինել, որ գործ ունենք ևս մի պետության հետ, ով հակված է խթանելու խաղաղությանը»,– ընդգծեց պատգամավորը:



Հայաստան-Ճապոնիա առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նկատեց Սամվել ֆարմանյանը, մնում են լիովին չիրացված, փոխադարձ ապրանքաշրջանառությունը շատ փոքր ծավալի է, և հիմա, երբ արդեն Երևանում կլինի դեսպանություն, այն շատ կարևոր բանալի կդառնա գործարար աշխարհի ավելի ակտիվ համագործակցության համար:

 

Հարցին, թե ինչով կարող է Հայաստանը հետաքրքրել Ճապոնիային, նա պատասխանեց. «Բացի ավանդական կոնյակից և գյուղարտադրանքից, ամենակարևորը նաև ՏՏ ոլորտում մեծ պոտենցիալ կա, ցանկացած արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ առավելագույն արդյունք ստանալու հնարավորություն կա»:

 

Պատգամավորը նաև շեշտեց, որ օրեր առաջ Հայաստանում էր Ճապոնիայի փոխարտգործնախարարը, ում միջոցով ՀՀ նախագահը հատուկ ուղերձ փոխանցեց Ճապոնիայի վարչապետին՝ կարևորելով երկկողմ հարաբերությունը, ինչը կարևոր դեր խաղաց ՀՀ–ում դեսպանատուն բացելու հարցում վերջնական որոշում կայացնելու հարցում:

 

Թե ինչ կտա Երևանում Ճապոնիայի դեսպանությունը Հայաստանին, հայ-ճապոնական «Հիկարի գիտակրթամշակութային կենտրոն» ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, միանշանակ է՝ կապերը գնալով շատ ավելի կսերտանան և փոխադարձ այցերը տարբեր ոլորտներում կավելանան:

 

«Նախ մեզ համար կհեշտանա ամեն ինչ, այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք Ճապոնիայի կառավարության հետ, ավելի հեշտ կյանքի կկոչվեն: Իսկ Ճապոնիայի նման երկրի հետ էլ ավելի սերտանալը Հայաստանին մեծ հնարավորություն կտա»,-ասաց նա:

 

Հարցին, թե ինչով կարող է զարմացնել Հայաստանը Ճապոնիային, Կարինե Փիլիպոսյան պատասխանեց, որ ոչնչով, բայց Հայաստանը նրանց հետաքրքրում է նրանով, որ այստեղ շատ ջերմ մարդիկ են ապրում։

 

«Իրենք շատ ապշում են, որ մենք այդքան բան գիտենք իրենց պատմության և մշակույթի մասին: Երբ առաջին անգամ 2005 թ.-ին հարաբերվեցինք Ճապոնիայի հետ, իրենք Հայաստանի տեղն անգամ չգիտեին, հիմա արդեն բավականին տեղյակ են Հայաստանից»,– ասաց նա:



Կարինե Փիլիպոսյանը նաև նշեց, որ իրենց կենտրոնը բարեկարգվել է Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով և հույս հայտնեց, որ նման ծրագրերը կավելանան և շարունակական կլինեն: