Հայաստան է ներկրվում նախատեսված ծավալներով գազ, սակայն օգտագործվում է նաև պահեստավորված գազը
Հայաստանի Հանրապետություն է ներկրվում նախատեսված ծավալներով գազ, ներկրման ծավալներում որևէ սահմանափակում չկա: Tert.am-ին այս մասին ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ կրճատվել են Հայաստան ներկրվող գազի ծավալները:
Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հենց ներկրվող ծավալների պատճառով է, որ սպառողներին գազ է մատակարարվում ստորգետնյա գազապահեստ կայաններից:
«Ջեռուցման սեզոնին սպառման պիկերը կարգավորելու նպատակով օգտագործվում է նաև ստորգետնյա գազապահեստ կայանում պահեստավորված գազը: Դա բնականոն տեխնոլոգիական պրոցես է, ինչը միշտ կիրառվում է ջեռուցման սեզոնին սպառման պահանջարկի բարձրացման դեպքում»,-ասաց Շուշան Սարդարյանը:










