«Գազային» պայմանագրի քվեարկության ձևը դանդաղ ներգործության ռումբ է. Արմեն Բադալյան

19:58 • 25.12.13

«Գազային» համաձանագրի ԱԺ–ում քվեարկության ձևը` որպես դանդաղ ներգործության ռումբ, դրվեց այդ քվեարկության հիմքում:


Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

 

«Սա նշանակում է, որ նպաստավոր պայմանների դեպքում հնարավոր է՝ այս քվեարկության արդյունքները վերանայվեն: Թե դա ինչպես կլինի՝ չգիտեմ, չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ այդ պայմաններն են՝ հնարավոր իշխանափոխությունը, այլ իշխանության առկայությունը, որն այսօրվա իշխանության իրավական շարունակությունը չի լինի, Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունը»,-դանդաղ գործունեության ռումբի իրավական հետևանքները ներկայացրեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

 

Հիշեցնենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի՝ վաղը կայանալիք արտահերթ նիստում, որը հրավիրել են ոչ իշխանական խմբակցությունները, վիճարկվելու է դեկտեմբերի 23-ին հայ–ռուսական գազային համաձայնագրերի վավերացման հարցով ԱԺ–ում տեղի ունեցած ձեռքով քվեարկության արդյունքը, որը ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցություններն անօրինական են համարում։

 

 

Հիշեցնենք, որ դրա համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի եզրակացությունը:


Ինչ վերաբերում է համաձայնագրերի բովանդակությանը, դրույթներին, ապա Արմեն Բադալյանն, առհասարակ, անօրինական համարեց երեք համաձայնագրերն էլ:

 

Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամները մեղադրում են նշված չորս խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանին»՝ ռուսական կողմնորոշում ունենալու, բայց այդ պայմանագրերի շուրջ քննարկումներում ոչ թե ՌԴ , այլ՝ Հայաստանի իշխանություններին քննադատելու մեջ:

 

ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, օրինակ, facebook-ում գրել էր.« Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի «հյուսիսային» ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է:
Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն «պետականասեր սյուզերենները» ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները՝ չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):

 

Այսօր էլ խորհրդարանում, «ռիսկ չանելով» խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների «գազային դիվանագիտության» դեմ, մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց «հերոսությունը»` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ Կառավարության դեմ» :

 

Արմեն Բադալյանն ի պատասխան նկատեց, որ «Հանրապետականները» ոչ միայն «Բարգավաճ Հայաստանին», այլև՝ այլ խմբակցությունների քննադատում են պարզապես՝ հակադարձելու համար:


«Արտահայտությունը, թե՝ վախենում են ռուսներից և այլն, մի քիչ քաղաքագիտական տեսակետ չէ»,-ասաց նա: