Նախօրեին Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակից 2 անձինք հիվանդանոցում մահացել են

10:49 • 25.12.13

Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին հաղորդում է ստացվել, որ որովայնի մասերում ստացած հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980թ. ծնված Ն. Աբգարյանը և 1979 թ. ծնված Ա. Թամրազյանը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Պարզվել է, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

 

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Ն. Աբգարյանը հիվանդանոցում մահացել է:

 

Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 

shamshyan.com կայքը հայտնում է, որ հիվանդանոցում մահացել է նաև Ա. Թամրազյանը:

 

Ըստ կայքի տեղեկությունների՝ Դիլիջան քաղաքի Իվանով փողոցի 10 տան բնակիչ, 33-ամյա Ն.Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մականվամբ, Դիլիջանի ոլորաններում գործող «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան է, իսկ Թեղուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Ա. Թամրազյանը Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է: