Եթե մանդատները վայր դնեն, ամբողջ խորհրդարանը կդառնա հանրապետական. Գալուստ Սահակյան
Մանդատները խաղալիք չեն, դրանք տվել է ժողովուրդը և պետք չէ վայր դնել: Այսպես է կարծում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով այսօր հանդիպեց լրագրողների հետ և ամփոփեց քաղաքական և խորհրդարանական գործընթացները՝ տարեկան կտրվածքով:
«Եթե մանդատները վայր դնեն, համաձայն ընտրական օրենսգրքի՝ ողջ խորհրդարանը կդառնա հանրապետական»,-ասաց Գալուստ Սահակյանը և ակնարկեց, թե ընդդիմությունը չի էլ մտածում մանդատները վայր դնելու մասին:
«Վայր չեն դնի, դրանք պոռթկումով հայտարարություններ են… սովորաբար նրանք են այդպես արտահայտվում, որոնք շատ հուզական են քաղաքականությունը տեսնում: Պարզապես մտածում են՝ Ազգային ժողովից, որ դուրս գան, ժողովուրդը ասի՝ տեսեք ինչ գեղեցիկ դեմք ունի»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով «գազային» համաձայնագրերի վիճահարույց քվեարկությանը, Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ լավ կլիներ, որ համաձայնագրին լիներ 72 կողմ, 52 դեմ ձայներ, ինչը կնշանակեր, որ «խնդիրը նորից առաջանցիկ է»:
«Բայց Ռուսաստանից վախենում են»,- դեմ արտահայտված խորհրդարանական ուժերի մասին ասաց Գալուստ Սահակյանը և կրկին անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի՝ պատգամավորների քարտերը վերցնելուն և այն անվանեց «գողանալ»:
Ձեռքով քվեարկության գործողության և արդյունքների մասին Գալուստ Սահակյանն ասաց, թե դա ընդամենը տեխնիկական բնույթ էր կրում, և որ Հաշվիչ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները դահլիճում ներկա էին և կարող էին «փառահեղ ձևով» հաշվել:
Հիշեցնենք, որ ՀՀ-ՌԴ «գազային համաձայնագրերի» վավերացումն օրեր առաջ ԱԺ-ում անցել էր լարված մթնոլորտում: Քվեարկությունն անցկացվել էր ձեռքով. համաձայնագրերի վավերացմանը դեմ արտահայտված ուժերը պնդում են, որ այն անցել է կանոնակարգի խախտումներով:
Գալուստ Սահակյանը՝ «հաստավիզ կազյոլների» մասին
Լրագրողներից մեկը, նշելով, որ օգտագործում է զուտ ՀՀԿ-ական բառապաշար, նկատեց, թե ինչու «ս… իր չեն անում» կուսակցության «ներսի հաստավիզ կազյոլներին» ու ավելացրեց, թե ՀՀԿ-ի ինչի՞ն են պետք Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի նման պատգամավորները: Հիշեցնենք, որ հենց նրան է վերագրվում լրագրողների հասցեին արված այս արտահայտությունը:
Գալուստ Սահակյանն ի պատասխան նկատեց , որ «մամուլի աշխատողներն էլ» հայհոյանքներ են տալիս: Ինչ վերաբերում է Առաքել Մովսիսյանին, ապա Գալուստ Սահակյանը համոզված է, որ նրա երակներում ազնիվ հայի արյուն է հոսում:
«Երբ շատերը օտար լեզուներ էին սովորում, նրանք Արցախում էին, և երբ նրանք հետ դարձան, էդ հնարավորությունը չունեին»,-նկատեց Գալուստ Սահակյանը և ավելացրեց, որ նույնն է, թե դատապարտես մեկին, ով «ղզիկի ձայնով է խոսում»:
Ինքը՝ Գալուստ Սահակյանը, իր իսկ խոստովանությամբ, հայհոյանքի շարադասությունն իր մեջ ամփոփում է և դարձնում գրական հայերեն:










