Վրացի լեյբորիստների առաջնորդը պահանջում է կառավարության հրաժարականը
Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին պահանջում է երկրի կառավարության հրաժարականը՝ կապված գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեի դատվածության հետ, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Новости-Грузия» գործակալությանը:
Ինչպես երկուշաբթի հայտարարել էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից հեռացված Գիգի Ուգուլավան, Պարցխալաձեն 2001 թվականին կողոպուտի մեղադրանքով Գերմանիայի Քրեական օրենսգրքի 249 և 252 հոդվածներով դատապարտվել է մեկ տարի և մեկ ամիս պայմանական ազատազրկման:
Հաջորդ օրը Պարցխալաձեն խոստովանել է, որ 2000 թվականին դատապարտվել է Գերմանիայում, սակայն ոչ թե կողոպուտի, այլ ոստիկանության հետ վիճաբանության համար: Գլխավոր դատախազը համարում է, որ առավել ծանր հանցագործության համար իր դատվածության մասին խոսակցությունները «կեղտոտ քաղաքական խաղեր» են:
«Իրավունքի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել… Օրենքների գլխավոր պահապան է Վրաստանում նշանակվել ծանր հանցագործության համար մեղադրված անձը»,- ասված է Նաթելաշվիլիի հայտարարության մեջ:
Դրանում լեյբորիստների առաջնորդը մեղադրում է Վրաստանի կառավարությանը:
«Կոչ եմ անում վարչապետին հրաժարական տալ: Հակառակ դեպքում՝ երկրում իրադարձությունները կզարգանան շատ ծանր սցենարով, որը կավարտվի «Ազգային շարժման» ամբողջական վերակենդանացմամբ»,- ասել է Նաթելաշվիլին:










