Վրաստանի գլխավոր դատախազը խոստովանել է, որ Գերմանիայում դատապարտված է եղել
Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իրոք Գերմանիայում ազատազրկված է եղել, սակայն ոչ թե կողոպուտի, այլ ոստիկանության հետ կռվի պատճառով, տեղեկացնում է Новости Грузия-ն։
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից ազատված Գիգի Ուգուլավան նախօրեին հայտարարել էր, որ դատախազն ազատազրկված է եղել Գերմանիայում։ Սահմանափակվել է նաև վերջինիս պասիվ ընտրական իրավունքն ու արգելվել որոշակի պաշտոններ զբաղեցնելը։ Այդ սահմանափակումը գործում է մինչև 2016թ.-ի դեկտեմբերը, իսկ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2001թ.-ի մարտի 14-ից։
«2000թ.-ին ես Գերմանիայում էի, որտեղ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ, և ինչպես պարզվեց հետագայում, նրանք ինձ ուրիշ մարդու հետ էին շփոթել, և ինձ ֆիզիկական վիրավորում հասցրին, ինչի պատճառով կոնֆլիկտ տեղի ունեցավ»,-ասված է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։
Պարցխալաձեի խոսքով՝ դրանից հետո իրեն չեն արտաքսել և լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկել։ Դատախազը նշել է, որ իր դեմ «կեղտոտ քաղաքական խաղ է իրականացվում»։










