Ռուսական դատարանի որոշմամբ պաշտոնյան 1 ռուբլի կփոխհատուցի հայտնի գործարարին

10:42 • 25.12.13

Կրասնոյարսկի երկրամասի արբիտրաժային դատարանը բավարարել է ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի հայցը և Կալուգայի նահանգապետ Անատոլի Արտամոնովին կարգադրել որպես բարոյական վնաս 1 ռուբլի փոխհատուցել Դերիպասկային` նրա գործարար հեղինակությունն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Հենց այդքան է պահանջել ինքը` գործարարը:

 

Դատարանը պարզել է, որ Կալուգայի նահանգապետն օգոստոսին իր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է «ՌուսԱլ»-ի ղեկավար Դերիպասկայի հետ իր հեռախոսազրույցի մի մասը, որն էլ դատարան դիմելու պատճառ էր հանդիսացել:

 

Այդ տվյալները տեղ են գտել «Կոմսոմոլսկայա Պրավդա - Կալուգա»-ի կայքում, և դատարանի որոշմամբ դրանք պետք է հեռացվեն 1 ամսվա ընթացքում:

 

Նահանգապետ Արտամոնովը կվճարի նաև դատական ծախսերը, որոնք կազմել են 4.000 ռուբլի: Նա նաև պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել գործարարից` պնդելով, թե իր ձևակերպումները վերաբերում են նրա աշխատակիցներին, այլ ոչ թե հենց անձամբ իրեն: