Տիկին Կլաուս. Միշել Օբաման հեռախոսով զրուցել է Ձմեռ պապին զանգահարած երեխաների հետ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, ընդառաջելով ամերիկացի զինվորականներին, կես ժամով ստանձնել է Սանտա Կլաուսի դերը՝ պատասխանելով երեխաների զանգերին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, թեև առաջին տիկինն ընտանիքի հետ հանգիստն է վայելում Հավայան կղզիներում, այնուհանդերձ, նա որոշել է իր ժամանակի մի մասը տրամադրել երեխաներին ու ուրախացնել նրանց։
Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդատիեզերական միացյալ հրամանատարությունը (NORAD) 1958թ. սկսած հետևում է Սանտա Կլաուսի տեղաշարժին, և ցանկացած մարդ կարող է զանգահարել NORAD-ի հեռախոսահամարով ու տեղեկանալ «բարի ծերուկի» գտնվելու վայրի մասին։
Այս տարի NORAD-ը Սանտայի տեղաշարժին հետևելու համար համագործակցում է Microsoft տեխնոլոգիական ընկերության հետ։










