Մայրաքաղաքից 320 երեխա մասնակցեց նախագահական նստավայրում կազմակերպված ամանորյա միջոցառմանը (լուսանկարներ)
Նախագահական նստավայրն այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներից 320 երեխայի հյուրընկալեց։ Երեխաներին այստեղ դիմավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնց հետ շրջան կազմած նրանք երգեցին ու պարեցին: Երեխաներին ուրախացնելու էին եկել նաև «Մադագասկար» մուլտֆիլմի հերոսները: Իսկ տոնածառի լույսերը Ձմեռ պապը հրամայեց, որ վառվեն այն ժամանակ երբ, երեխաներին շնորհավորելու եկավ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:
«Երեխանե՛ր, շնորհավորում եմ ձեր կյանքի նոր տարին, մաղթում եմ քաջառողջություն, անհոգ մանկություն, ուրախ տրամադրություն: Թող այս նոր տարում բազմապատկվեն ձեր գիտելիքները, և կատարվեն բոլոր երազանքները»,- ասաց առաջին տիկինը:
Tert.am-ի հետ զրույցում Երևանի թիվ 71 դպրոցի աշակերտ, 12-ամյա Արտակ Ավետիսյանը, որը դպրոցում, թեև ամենաշատը սիրում է հայոց լեզու առարկան, բայց պատրաստվում է տնտեսագետ դառնալ, ասաց, որ նախագահական նստավայրում գտնվելը իր համար պարտավորեցնող է: «Սա առիթ է տալիս, որ կրկնակի լավ սովորեմ, գոնե մի փոքր լումա ներդնեմ իմ հայրենիքի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ձմեռ պապի նվերներին, ապա նշեց, որ իր համար խնդրել է ուսման մեջ առաջադիմություն, իսկ հայրենիքին՝ խաղաղություն:
Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի 11-ամյա աշակերտ Անի Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չի որոշել, թե ինչ է ուզում Ձմեռ պապից, մինչև ամանորյա գիշերը անպայման կմտածի: Նա նշեց, որ ինքը շատ ուրախ է նախագահական նստավայրում հյուրընկալվելու համար: «Շատ գեղեցիկ է տոնածառը: Տոնածառը Նոր տարվա մթնոլորտ է ստեղծում: Ես իմ ընկերներին առողջություն, երջանկություն եմ մաղթում, թող բոլորի իղձերն ու նպատակներն իրականանան»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բոլոր երեխաները առանձնահատուկ են պատրաստվել միջոցառմանը։ «Առավոտյան տարբեր ծնողներ ինձ զանգահարեցին ու պատմեցին, որ երեխաները խնդրել են, որ այսօր հատուկ սանրվածք ունենան, հատուկ հագուստ ունենան, շատ տոնական է օրը: Բալիկներին ոգևորել է նաև այն, որ իրենք անվանական իրենց անուններով հրավիրատոմսեր են ստացել: Այդ հրավիրատոմսերը փոքրիկ գանձիկներ են դարձել նրանց համար»,- ասաց նա:
Tert.am-ին հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրել, թե որ երեխաները պետք է մասնակցեն նախագահական նստավայրում տեղի ունեցող միջոցառմանը, Գայանե Սողոմոնյանն ասաց. «Նրանք ընտրվել են հետևյալ սկզբունքով. Ընտրվել են ուսումնական տարվա ընթացքում կրթական ու մշակութային նախաձեռնություններում ակտիվորեն մասնակցած շնորհալի երեխաները, որոնք նաև մասնակցել են տարբեր առարկաների օլիմպիադաներին: Ավելի մեծ քանակ ունեցող դպրոցներից 3-ական երեխա է ընտրվել, միջին քանակություն ունեցող դպրոցներից՝ 2-ական, իսկ ավելի քիչ քանակ ունեցող դպրոցներից՝ մեկական»,- ասաց նա և վստահեցրեց, որ այս երեխաներից ոչ մեկն անցյալ տարի չի մասնակցել նախագահական նստավայրում անցկացվող ամենամյա այս միջոցառմանը:










