Ուրուգվայի նախագահը ստորագրել է մարիխուանայի օրինականացման մասին օրենքը

09:12 • 25.12.13

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ստորագրել է մարիխուանան օրինականացնող օրենքը, հայտնում է РИА Новости-ն։

 

Օրենքն ուժի մեջ է մտնում նախագահի ստորագրումից հետո։ Հետագա 4 ամիսների ընթացքում կառավարությունը պետք է մշակի այն վավերացնող հատուկ ակտեր։

 

Ուրուգվայի սենատը մարիխուանայի օրինականացման մասին օրենքը հաստատել էր դեկտեմբերի 11-ին։ Կողմ էր քվեարկել 16 սենատոր, դեմ՝ 13։ Բանավեճերն ընթացել էին ավելի քան 11 ժամ։ Պատգամավորների պալատը՝ խորհրդարանի ստորին պալատը, օրենքը հաստատել էր ամռանը։

 

Փաստաթուղթը ենթադրում է, որ երկրի բնակիչները կարող են սահմանափակ քանակությամբ մարիխուանա աճեցնել ինքնուրույն կամ մարիխուանայի սիրահարների ակումբում, ինչպես նաև գնել այն դեղատներոււմ։ Սպասվում է, որ 1 գրամի արժեքը կկազմի 1 դոլար։ Օրինական վաճառքը կսկսվի 2014թ. կեսերին։