Հայկական կողմը խորամանկություն է դրսևորել և գազային համաձայնագիրը կնքել է հօգուտ ՀՀ-ի. Ահարոն Ադիբեկյան
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն արհեստական է համարում ոչ իշխանական ուժերի միահամուռ դժգոհությունը ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերի փաթեթից։ Ավելին՝ նա վստահ է, որ հայկական կողմը խորամանկություն է դրսևորել և դրանք կնքել է հօգուտ ՀՀ-ի։
«Այդ պայմանագիրը հայկական խորամանկության հետևանք է, որովհետև այն 20% բաժնեմասը, որ տրվել է պարտքի դիմաց՝ այդքան չարժի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և փորձեց բացատրել, թե ինչու։
Ըստ Ադիբեկյանի՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում «ներքին» գնով և ըստ այդմ էլ՝ հարց է տալիս դժգոհող ԱԺ ոչ իշխանական ուժերին։ «Մեկին հարցրեք, որ դեմ է, որ մենք գազը ստանում են ներքին գնով, բայց մենք դրա դիմաց ի՞նչ ենք տալիս։ Քանի որ գազը ստանում ենք գազը ներքին գնով, այդ պատճառով 20% մասնաբաժինը տալիս ենք, և դրա պահելու իմաստը կորում է»,-ասաց նա։
Բացի այդ նա նշեց, թե Հայաստանն ամենագազաֆիկացված երկիրն է՝ 90%-ը գազաֆիկացված է, ինչը նույնպես «ՀայՌուսգազարդի» շնորհիվ է, և դա նվաճում է։ «Բացի այդ, ատոմակայանի կառուցումը, երկաթգծի կառուցումը, դա գործարք է, ոչ թե նվեր»,-բացատրեց նա և ամենակարևոր փաստ համարեց անվտանգության խնդիրը և հույս հայտնեց, որ դա էլ կլինի հայամետ։
Ինչ վերաբերվում է ոչ իշխանական ուժերի հայտարարությանը, թե քվեարկությունն անվավեր է, ապա Ադիբեկյանը նշեց, թե այս համաձայնագրի հարցով ընդդիմության մի մասը նույնիսկ իշխանամետ է և հասկանում է համաձայնագրի արդյունավետությունը, ուստի չեզոք դիրք է գրավում, իսկ մյուս մասը՝ ուզում է հասկանալ, թե այդ համաձայնագիրն ինչ է պարունակում։










