2013-ին բոլորս հասկացանք՝ երիտասարդ սերնդի մեջ կա պայքարող հատված. Արմեն Մարտիրոսյանն ամփոփեց տարին
2013թ.-ը յուրահատուկ էր նրանով, որ բոլորս հասկացանք, որ երիտասարդ սերնդի մեջ կա մի պայքարող հատված, ովքեր հասկանում են, թե որքան կարևոր է անկախ պետությունը: Նման գնահատական տվեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ընդգծեց, որ միայն հասարակության և ընդդիմության միասնականության դեպքում կարելի է հասնել արմատական փոփոխությունների:
«Եթե ընդդիմությունը միասնական քայլեր ձեռնարկի, ապա մենք կհասնենք իշխանափոխության: Մեր քաղաքացիները միասնական պահանջում են մեզնից հենց այդ և իրենք քաղաքական միասնության պարագայում ակտիվ մասնակցություն կունենան: Այս տարի իշխանության միակ փաստարկը, որ եղավ, ոստիկանական մահակն էր, ուրիշ որևէ փաստարկ իշխանությունն այս տարի չի ունեցել: Բայց նաև նշեմ, որ շփվելով ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների հետ, այն եզրակացության եմ եկել, որ եթե մենք միասնական լինենք, ապա իրենք ոչինչ անել չեն կարող»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը միաժամանակ նշեց, որ ընդդիմության շարքերում այսօր կանգնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի իր քաղաքական ուղղվածության մասին:
«Շփվելով ԲՀԿ-ական որոշ կուսակցականների հետ, պետք է ասեմ, որ իրենք ևս շատ դժգոհ են իրավիճակից ու փոփոխությունների պահանջ ունեն»,-ասաց նա և հավելեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ:
Ամփոփելով տարին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այն ավարտվեց «խայտառակ գազային համաձայնագրերի» վավերացմամբ, ինչը կարող էր իրականացնել, ըստ նրա, միայն այն իշխանությունը, որն ի զորու չէ որևէ բան անել:
«Ըստ էության վավերացված չեն այդ պայմանագրերը, դեռ կտեսնենք, թե այդ հարցը ինչպես կլուծվի, բայց այս պայմանագրի որևէ կետ չի բխում Հայաստանի շահերից: Փաստորեն Հայաստանն իրավունք չունի տարանցիկ խողովակաշար անցկացնել իր սահմանով, իսկ հակառակ դեպքում կարող էր տարեկան 600 մլն դոլարի եկամուտ ունենալ»,-ասաց նա:
Վերջում նա հայ ժողովրդին մաղթեց համբերություն, բայց շատ քիչ՝ բաժակի չափով, քանի որ արդեն բավականաչափ համբերել է:
«Ինչքան համբերել ենք՝ հերիք է, չեմ ուզում «Դանայան տակառի» նման լինի մեր համբերության բաժակը, թող այն թափվի, բայց խնդիրները չլուծվեն արտագաղթի միջոցով: Անկոտրում կամք եմ մաղթում, որովհետև առանց կամքի հաղթանակ չի լինում: Հայ ժողովուրդը վերջին տասնամյակներում մի անգամ է պայքարել՝ Արցախի համար: Եթե միասնական լինենք, հաղթելու ենք»,-ասաց նա:










