Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առավելությունը Հայաստանինը կլինի. Независимая газета-ի անդրադարձը
Վիեննայում նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունները Ղարաբաղյան հարցով միջնորդները հաջողված որակեցին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը յուրօրինակ ձևով է «շնորհավորել» հակամարտող կողմերի ամանորյա տոները, գրում է Независимая газета-ն։
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Բռնության հետագա կիրառումն անընդունելի է»,- հիշեցնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հարգեն ստանձնած պարտավորությունները և հրադադարի ռեժիմը։
Ջեյմս Ուորլիքի գրառումը կարելի է համարել Մինսկի խմբի պաշտոնական հայտարարության լրացումը, որն Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո արել էին համանախագահները։
Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին՝ ՄԽ ՌԴ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին, նաև նրանց ամերիկացի գործընկերոջն այցի ընթացքում ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Բաքվում և Երևանում դիվանագետները նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ քննարկել էին հակամարտության կարգավորման խնդիրը։
Համատեղ հայտարարության մեջ նրանք գոհունակություն էին հայտնել, որ առաջնորդները պատրաստ են հետևել պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում՝ հրաժարվել ուժի կիրառումից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։
ՄԽ համանախագահները փաստաթղթում վճռականություն էին հայտնել շարունակել բանակցությունները 2014թ.-ի հունվարին։
«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը, և աշխատել այն մթնոլորտի պահպանման ուղղությամբ, որը նպաստում է բանակցային սեղանի շուրջ առաջընթացի գրանցմանը»,-ասված է համատեղ փաստաթղթում։ Հաղորդվում է, որ 2014թ.-ի հունվարին ԵԱՀԿ նոր նախագահողի մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ բարձր մակարդակով հերթական բանակցությունը նախապատրաստելու համար։
Չնայած ՄԽ համանախագահների լավատեսական տոնին՝ ԼՂ խնդրի շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Շարունակվում է փոխհրաձգությունը սահմանին։ Շարունակվում է նաև Բաքվի և Երևանի հռետորաբանությունը, ինչը նախագահների հանդիպումից հետո փոքր-ինչ մեղմացել է։ Պակաս կարևոր չէ, որ որ հասարակությունների մեծ մասը միմյանց ոչ բարեկամաբար են մոտենում։
Տարեվերջին ակնհայտորեն ավելացել են տարբեր փորձագետների հրապարակումները, որոնք զինյալ հակամարտության վերսկսումը «չափազանց բարձր» են համարում։
Նրանց հիմնական փաստարկն արդբեջանական և հայկական զինված ուժերում զինամթերքի ավելացումն է։ Եվ այդ խոշոր ռազմական գնումների վերջը չի երևում։ Զենքը կողմերը գնում են՝ որտեղից հնարավոր է. ՌԴ, Ուկրաինա, Չինաստան, Բելառուս, Թուրքիա, Իսրայել և այլ երկրներ։
Բացի այդ, Բաքվում և Երևանում տարբեր տեսակի զինտեխնիկայի արտադրություն է սկսվում՝ թեթև զրահապատ մեքենաներից մինչև անօդաչու թռչող սարքեր։
Վերլուծելով ուժերի դասավորությունը՝ փորձագետների մեծ մասն այն գրեթե հավասար է համարում։ Սակայն ռազմական գործողությունների առանձնահատկությունները հաշվի առնելով, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, առավելությունը հայկական կողմինը կլինի։ Փորձագետները նաև նշում են հայկական կողմի մարտական բարձր պատրաստվածության մակարդակը։
Այդ տեսակետը կա նաև WikiLeaks-ի կողմից վերջերս հրապարակված՝ Եվրասիայի հարցերով Stratfor-ի վերլուծաբան Լորեն Գուդրիչի գաղտնի նամակում։
«Ղարաբաղի հայերն աներևակայելի մարտիկներ են, երևի՝ լավագույնը տարածաշրջանում (անգամ նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում)։ Ադրբեջանցիները գիտեն դա»,-գրել է նա։
Որոշ փորձագետներ, մասնավորապես՝ Քաղաքական և ռազմական վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը, ենթադրում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կայունացնել վիճակն ու փոխել իր դիրքը՝ ժամանակակից զինտեխնիկա գնելով, ինչի գնի մասին չի մտածում։
Հակամարտող կողմերի տնտեսական հնարավորությունները համեմատելի չեն, և այդ առումով ժամանակն Ադրբեջանի օգտին է, որը մեծացնում է նավթից ու գազից ստացված եկամուտներն ու մասնակցում խոշոր էներգետիկ նախագծերի։










