Բալիում պիթոնը խեղդել է հյուրանոցի անվտանգության աշխատակցին

17:10 • 27.12.13

Ինդոնեզական Բալի կղզում 4-մետրանոց պիթոնը խեղդամահ է արել Hyatt հյուրանոցի անվտանգության աշխատակցին, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ դեկտեմբերի 26-ին։ Օձը դեռևս չի հայտնաբերվել: Ոստիկանությունը կոչ է արել տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին զգոն լինել:

 

Իրավապահ մարմիններից պատմել են, որ 59-ամյա աշխատակից Ամբար Արիանտո Մուլիոն նկատել է պիթոնին հյուրանոցից ոչ հեռու և որոշել նրան բռնել: Նա մեկ ձեռքով բռնել է օձի գլխից, իսկ մյուս ձեռքով՝ պոչից: Սակայն օձն այնքան ուժեղ է եղել, որ կարողացել է հաղթել տղամարդուն և փաթաթվել նրա պարանոցին:

 

Պիթոնի հարձակման պահին Մուլիոյի կողքին են եղել նրա ընկերները, սակայն նրանք այնքան վախեցած են եղել, որ չեն կարողացել խառնվել և փրկել ընկերոջը: Իր զոհին սպանելուց հետո պիթոնն անհետացել է:

 

Ինչպես նշում է գործակալությունը, այս օրերին կղզում են գտնվում բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք Բալի են եկել սուրբծննդյան և ամանորյա արձակուրդներին: