Դևիդ Բոուին անգլիացիների Սուրբ Ծնունդը շնորհավորել է Էլվիս Փրեսլիի ձայնով

18:09 • 27.12.13

Երաժիշտ Դևիդ Բոուին BBC Radio 6 Music ռադիոկայանի եթերում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի բնակիչներին Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ նմանակելով Էլվիս Փրեսլիին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով NME-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ 41 վայրկյան տևողությամբ տեսանյութը հեռարձակվել է ռադիոկայանի եթերով դեկտեմբերի 26-ին:

 

«Բոլորին ողջույն: Դևիդ Բոուին է, ես խոսում եմ ձեզ հետ հեռախոսով Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Տարվա այս ժամանակ ես չեմ կարող չհիշել իմ բրիտանական ծագման և իմ համերկրացիների մասին: Այնպես որ, շնորհավորում եմ ձեզ Սուրբ Ծննդի առթիվ և շնորհավոր Ամանոր»,- ասել է Բոուին՝ յուրահատուկ հարավային ակցենտով:

 

Թերթը նաև հիշեցրել է, որ Բոուին և Փրեսլին ծնվել են նույն օրը՝ հունվարի 8-ին: