Հազարավոր կամավորներ սուրբծննդյան երգեր են երգել մահացող աղջկա համար (տեսանյութ)

13:54 • 27.12.13

Յոթ ամիս առաջ Փենսիլվանիայից (ԱՄՆ) ութամյա Լեյնի Բրաունի մոտ սուր միելոբլաստային լեյկոզ են ախտորոշել, իսկ օրերս նրա վիճակը կտրուկ վատացել է, գրում է «Эхо Москвы» ռադիոկայանը՝ հղում անելով CNN-ին:

 

Երբ բժիշկները հայտարարել են, որ նրան մի քանի օր է մնացել ապրելու, փոքրիկ Լեյնիի ծնողները նրա Facebook-յան էջում գրել են, որ իրենց մահացող աղջիկը շատ է ցանկանում խոսել երգչուհի Թեյլոր Սվիֆտի հետ և վերջին անգամ լսել սուրբծննդյան երգեր:

 

Լեյնիի էջի բաժանորդներն աջակցել են երեխայի ցանկությանը, ինչի շնորհիվ դրա մասին իմացել են երգչուհու ներկայացուցիչները, և դեկտեմբերի 21-ին՝ աղջկա ծննդյան օրը, Սվիֆտը նրան զանգահարել է FaceTime ծրագրի միջոցով:

 

Իսկ շաբաթ երեկոյան Լեյնիի տան առջև հավաքվել են կամավորներ նրա երկրորդ ցանկությունն իրականացնելու համար: Սկզբից եղել են հարյուրավոր մարդիկ, այնուհետ նրանց թիվն ավելացել է՝ հասնելով 10.000-ի, որոնք West Reading են եկել Ամերիկայի տարբեր անկյուններից: Նրանք մոտ մեկ ժամ Լեյնիի համար սուրբծննդյան երգեր են երգել Սանտա Կլաուսի հետ միասին և պարել նրա պատուհանի տակ: 

 

Լեյնին շատ թույլ է եղել և չի կարողացել մոտենալ պատուհանին, բայց նա լսել է հազարավոր մարդկանց երգած երաժշտությունը: Նրա մայրը համացանցում տեղադրել է աղջկա լուսանկարը և մեկնաբանությունը. «Ես ձեզ լսում եմ: Սիրում եմ ձեզ»:

 

Դեկտեմբերի 25-ին աղջիկը մահացել է: