Պաշտոնական Ստեփանակերտը հանգիստ է վերաբերում Նազարբաևի հայտարարությանը.Դավիթ Բաբայան
Պաշտոնական Ստեփանակերը ոչ զգամունքային է վերաբերում Ղազախստանի նախագահի այն հայտարարությանը, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու պարագայում Ղազախստանը հարկադրված է հատուկ կարծիք ունենալ Հայաստանի հետ «Ճանապարհային քարտեզի» ստորագրման հարցում, ինչի պատճառը Հայաստանի հետ ապագա հարաբերությունների անորոշությունն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ:
Այս մասին Tert.am –ին հայտնեց ԼՂ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ղազախստանը, լինելով ԱՊՀ և Մաքսային միության անդամ, միևնույն ժամանակ՝ ակտիվ մասնակցություն ունի թուրքալեզու պետությունների կազմակերպությանը, և բնական է, որ իր հռետորաբանությամբ նման հայտարարություններ մերթ ընդ մերթ անում է»:
Հիշեցնենք, որ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ,Նազարբաևը պահանջել է պարզել , թե որտեղով է անցնելու Մաքսային միության սահմանը, արդյո՞ք Հայաստանի այն սահմաններով, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից։
Բայց Դավիթ Բաբայանը խորը համոզմունք ունի, որ չնայած այդ հայտարարություններին՝ դա հռետորաբանությունից այն կողմ չի անցնի, որովհետև եթե Ղազախստանն իրոք սկսի գործնականում ընդդիմանալ և առաջնորդվել թուրքալեզու պետությունների շահերով, ապա դա կփաստի , որ Ղազախստանն իրականացնում է պանթուրքիզմի քաղաքականություն, իսկ դա շատ վտանգավոր է առաջին հերթին՝ Ղազախստանի համար:
«Ղազախստանը բազմազգ պետություն է, և այնտեղ ղազախները բացարձակ մեծամասնություն չեն կազմում: Բնակչության կեսից մի քիչ ավելին այլ ազգություններ են՝ ռուսներ, գերմանացիներ և այլն: Բացի այդ՝ այն սահմանակից է Ռուսաստանին և Չինաստանին, պետությունների, որոնք նույնպես լուրջ մտահոգված են պանթուրքիզմի գաղափարախոսությամբ»,-ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը և հավելեց.«Հետևաբար՝ եթե նա որդեգրում է այդ քաղաքականությունը՝ որպես իր արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշներից մեկը, սա կբերի անկանխատեսելի հետևանքների՝ այս պետության՝ տարածաշրջանում մեկուսացմանը, ինչն ակնհայտորեն պետք չէ նրան»:










