Վրաստանի նախկին իշխանությունները ներկայիս կառավարությանը մեղադրել են բյուջեի միջոցներն աննպատակ ծախսելու համար

16:46 • 27.12.13

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գործող իշխանություններին մեղադրել է բյուջեի միջոցներն աննպատակ ծախսելու համար, տեղեկացնում է Новости Грузия գործակալությունը։

 

«Այն ժամանակ, երբ արդեն ոչ ոք չի կասկածում, որ Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն դատված է եղել գողության համար, երբ հանրությանը հայտնի է, որ պարոն Պարցխալաձեն համապատասխան կրթություն չունի, պարզվում է, որ պետությունը նրա հարմարավետության համար 174 հազար լարի (մոտ 102 հազար դոլար) արժողությամբ ջիպ է գնել»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ գլխավոր դատախազը հաստատել էր, որ ազատազրկված է եղել Գերմանիայում, սակայն ոչ կողոպուտի համար, և նշել, որ իր հանդեպ ավելի ծանր հանցագործություն է տեղի ունենում՝ «քաղաքական կեղտոտ խաղ»։

 

Սաակաշվիլիի կուսակցությունը նաև հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Իրինա Իմերլիշվիլիի անհիմն ծախսերի մասին։

«Նա նույնպես զբաղված է իր հարմարավետությամբ։ Պաշտոնում նշանակելուց հետո նա Toyota Prado մակնիշի մեքենա է գնել՝ 78 հազար լարի (մոտ 46.000 դոլար) արժեքով, իսկ նոր iPhone 5S հեռախոսներ գնելու համար ծախսվել է մոտ 50 հազար լարի (29.500 դոլար)։

 

Վրաստանում 2012թ.-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հաղթել էր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան, իսկ Սաակաշվիլիի կուսակցությունը վերածվել էր ընդդիմության։