Ռուսաստանը Խոդորկովսկուն 10.000 եվրո կվճարի

12:49 • 27.12.13

Ռուսաստանը «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած 10 հազար եվրոն կվճարի անմիջապես նրա բանկային հաշվի տվյալները ստանալուց հետո, հաղորդում է Interfax.ru-ն:

 

««Խոդորկովսկին և Լեբեդևը («ՄԵՆԱՏԵՊ» ֆինանսական կազմակերպության նախկին ղեկավար) Ռուսաստանի դեմ» գործով ՄԻԵԴ-ի որոշումը կատարելու համար Խոդորկովսկուց խնդրել են բանկային հաշվի տվյալները, որը ստանալուց հետո կկատարվի նրան հասանելիք փոխհատուցման գումարի վճարումը»,- ասել է Ռուսաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

Հուլիսի 25-ին Ստրասբուրգի դատարանը հօգուտ Խոդորկովսկու որոշում էր կայացրել. ռուսական իշխանություններից պահանջվել է 10 հազար եվրո՝ որպես քրեական հետապնդման ընթացքում նրա իրավունքների մի շարք խախտումների փոխհատուցում: Ընդ որում՝ դատարանի որոշման համաձայն՝ «ՄԵՆԱՏԵՊ» միկրոֆինանսական կազմակերպության նախկին տնօրեն Պլատոն Լեբեդևին փոխհատուցում չի հասնում: