Times-ը Մեծ Բրիտանիայի տարվա մարդ է ճանաչել ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնին
The Times թերթի վարկածով Մեծ Բրիտանիայի տարվա մարդ է դարձել ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես ասվում է թերթում, «հենց Օսբորնի շնորհիվ է Միացյալ Թագավորության տնտեսությունը վերջին 12 ամիսներին զարմանալի վերածնունդ գրանցել»: «Այժմ իր տնտեսական հեռանկարներով Մեծ Բրիտանիան զիջում է միայն Միացյալ Նահանգներին»,- նշում է թերթը:
Կանխատեսումների համաձայն՝ Օսբորնի ընտրած խիստ տնտեսման քաղաքականության արդյունքը կդառնան Մեծ Բրիտանիայի 2014թ. ՀՆԱ-ի ցուցանիշները, որոնք կգերազանցեն 2008-2010 թվականների համաշխարհային ճգնաժամի սկզբում ֆիքսված ցուցանիշները:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2008 թվականին Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն հասել է 2,81 տրիլիոն դոլարի: Կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում այն կկազմի 2,44 տրիլիոն դոլար:
Թերթի կարծիքով՝ ֆինանսների նախարարն այսօր Մեծ Բրիտանիայի քաղաքական բեմում առանցքային գործիչ է: «Օսբորնի ընդունած որոշումները գերակշռող են եղել 2013 թվականին բրիտանական քաղաքականության մեջ»,- եզրափակում է թերթը:










