Ժառանգության ցուցակում թափուր պատգամավորական մանդատի թեկնածուն Ազատ դեմոկրատներից Մասիս Այվազյանն է, հաջորդը՝ Ստյոպա Սաֆարյանը

13:06 • 28.12.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու հայտարարությունից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած «Ժառանգություն» կուսակցության համատեղ ցուցակի հաջորդ ներկայացուցիչը «Ազատ դեմոկրատներից» նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանն է, ով կվերցնի մանդատը։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախ կսպասեն գործընթացի ավարտին, որից հետո էլ կգործեն ըստ օրենքի տրամաբանության։

 

«Կսպասենք Թևան Պողոսյանը մանդատը վայր դնի, այդ ամբողջ գործընթացը ավարտվի, մենք չենք ուզում շտապել կամ որևէ բան նախապես ասել, բայց ինչպես օրենքն է ասում, մենք ինչպես ներկայացրել ենք ցուցակը ԿԸՀ, այդպես էլ գործելու ենք»,- ասաց նա։

 

Ցուցակով Մասիս Այվազյանից հետո արդեն հենց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն է, ով Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե Թևան Պողոսյանի հայտարարությունից և մանդատը վայր դնելու պատճառներից տեղյակ չէ։

 

«Պետք է իմանալ ինչ է կատարվում, ես տեղեկացված չեմ եղել։ Չգիտեմ ուրիշ որևէ մեկը տեղյակ եղե՞լ է, թե խմբակցության ներսում ծագած հերթական խնդիրն է, բայց տեղյակ չեմ եղել, մանավանդ, որ այդ տպավորությունն էլ չի եղել»,- ասաց նա:

 

Հարցին, թե նման զարգացման դեպքում «Ժառանգությունը»՝ ԿԸՀ ներկայացրած ցուցակի տրամաբանությամբ կգործի, թե հնարավոր է, ի վերջո, «Ժառանգությունից» հենց հաջորդ ներկայացուցիչը մանդատ վերցնի, այսինքն՝ հենց Ստյոպա Սաֆարյանը, ով ցուցակում 8-րդն է, կուսակցության անդամը հրաժարվեց պատասխանել։ «Ես չեմ ուզում բացարձակ մեկնաբանություն անել այդ թեմայով, առավել ևս ինձ վերաբերվող խնդրով»,- նշեց նա։