Էրդողանը Գեզիի դեպքերի և «կոռուպցիոն սկանդալի» միջև կապ է տեսնում

10:52 • 28.12.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած գիշեր իրեն դիմավորելու եկած կողմնակիցների առաջ «անակնկալ ելույթ» է ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Էրդողանը հայտարարել է, որ Գեզի պուրակի դեպքերի և դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «կոռուպցիոն սկանդալի» միջև կապ կա։

 

«Ո՞րն է նրանց ընդհանուր կողմը։ Երկուսի նպատակն էր «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությանը ծնկի բերել, սակայն դա նրանց չի հաջողվի»,-հայտարարել է նա։

 

Էրդողանը նշել է, թե Աստծո կամոք իրենց կհաջողվի դուրս գալ ճգնաժամից և շարունակել ծառայել ժողովրդին։

 

Հիշեցնենք, որ Գեզի պուրակի ծառահատումների և, փոխարենը, առևտրի կենտրոն կառուցելու որոշման դեմ բողոքի ակցիան այս ամառ վերաճել էր հակակառավարական ցույցի։ Իսկ օրերս Թուրքիայում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն անցկացրել է հակակոռուպցիոն գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անվանումը, ինչի արդյունքում ձերբակալվել էին տասնյակ գործարարներ, պաշտոնյաներ, նախարարների որդիներ։