Մերաբիշվիլիի սկանդալային հայտարարությունը տրամաբանությունից դուրս է. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարծիքով՝ կալանքի տակ գտնվող նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի սկանդալային հայտարարությունը տրամաբանությունից դուրս է, հայտնում է apsny.ge-ն։
Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին ասել էր, որ երկրի գլխավոր դատախազի կարգադրությամբ իրեն անցած շաբաթ դուրս են տարել բանտից։ Ավելի ուշ իրեն գործարք է առաջարկվել. նախկին վարչապետը պետք է կիսվի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օտարերկրյա բանկային հաշիվների մասին տեղեկություններով և օգնի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները պարզելու հարցում, ինչի փոխարեն հետ կստանա իրենից բռնագանձված գումարն ու կկարողանա հեռանալ Վրաստանից։
«Տրամաբանական հարց՝ ասենք թե նրա սկանդալային հայտարարությունը ճիշտ է, սակայն եթե նրան տարել են բանտից շաբաթ օրը, ինչո՞ւ մենք իմացանք այդ մասին երեքշաբթի, երբ և՛ շաբաթ, և՛ կիրակի և՛ երկուշաբթի նրան է այցելել փաստաբանը։ Ճիշտ մարդը հենց շաբաթ աղմուկ կբարձրացներ»,-ասել է նա «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև ասել է, որ իրենք այդքան էլ միամիտ չեն, որ տրվեն սադրանքների։ Չնայած դրան՝ տարվում է հետաքննություն։










