Աբխազիայի ԱԳՆ-ն Վրաստանին առաջարկել է ՄԱԿ-ին բողոքելու փոխարեն խաղաղության համաձայնագիր կնքել

15:06 • 05.09.14

Աբխազիայի արտգործնախարարությունը Վրաստանին առաջարկել է երկրում օգոստոսի 24-ին կայացած նախագահական ընտրությունների համար ՄԱԿ-ին բողոքելու փոխարեն խաղաղության համաձայնագիր կնքել: Այս մասին հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վյաչեսլավ Չիրիկբան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

«ՄԱԿ-ին Աբխազիայից բողոքելու փոխարեն՝ Վրաստանը լավ կաներ խաղաղության և ռազմական գործողություններ չվերսկսելու վերաբերյալ համաձայնագիր կնքեր։ Դա իրական ներդրում կլիներ շրջանում իրավիճակի կայունացման հարցում»,- ասել է Չիրիկբան։

 

Վրաստանը, նրա խոսքով, մինչ այժմ չի հասկացել, որ Աբխազիան ավելի քան 20 տարի անկախ, ինքնիշխան պետություն է։

«Աբխազիայի ներկայիս նախագահական ընտրությունները 5-րդն էին(1999, 2005, 2009, 2011, 2014), և ամեն անգամ Վրաստանը բողոքում է՝ քաղաքական իրականության հետ համակերպվելու փոխարեն»,- ասել է Չիրիկբան՝ նշելով, որ կարող են բողոքել որտեղ կամենան, Աբխազիայի համար դա ոչ մի նշանակություն չունի։