Եթե ՆԱՏՕ-ի ընդունած փաստաթուղթը պարունակի նույն դոգմատիկ դրույթը, Ադրբեջանն իր պահվածքով կդառնա ավելի ցինիկ. քաղաքագետ
«Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ-ի մասնակցությանը՝ նշելով, որ թեև ԼՂ հակամարտությանն առնչվող համապատասխան փաստաթուղթ դեռևս չի ընդունվել, սակայն հույս կա, որ դա չի լինի նախորդ երկու գագաթաժողովների կրկնությունը։
«Եթե փաստաթուղթը պետք է պարունակի նույն դոգմատիկ բնույթը, ինչ եղել է նախորդ գագաթաժողովին, այս հանդիպումն էլ կարժեզրկվի, Ջոն Քերիի տված խոստումն էլ, և ավելի ցինիկ ու պրովոկացիոն կդառնա Ադրբեջանն իր գործողություններում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդուհանդերձ, եթե փաստաթուղթը փոփոխության ենթարկվի, նշանակում է, որ դա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների արդյունք է, եթե ոչ, ապա դրանով էլ ավելի կխրախուսվի Ադրբեջանի ցինիկ պահվածքը։
Կարեն Բեքարյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության համար այս անգամ գագաթաժողովն առանձնանում էր նախորդ երկուսից՝ Լիսաբոնի և Չիկագոյի հանդիպումներից նրանով, որ դրանց Հայաստանը Նախագահի մակարդակով չի մասնակցել, և դրանց ժամանակ էլ ԼՂ հակամարտությանն անուղղակի վերաբերող տարբերակով փաստաթուղթ էր ընդունվել, որը ՀՀ-ի համար ընդունելի չէր. ամրագրվում էր ՆԱՏՕ-ի կողմից կարևորումը սկզբունքներից մեկի՝ տարածքային ամբողջականության նկատմամբ։
Քաղաքագետը նկատեց, թե ճիշտ որոշում էր այս անգամ Նախագահի մակարդակով մասնակցելը, որ չպետք է նեղացածի կեցվածք ընդունել. «Կարծում եմ՝ ՀՀ բարձր ղեկավարությունը ընդունեց որոշում, որ լուռ կամ որոշակի չհամաձայնությունն այդ ձևակերպմանը կարող է այդ չափով արդյունք չտալ, որքան տեղում լինելը և սեփական դիրքորոշումը հայտնելը։ Անկախ նրանից, որ փոքր երկիր ենք, որ կան էական գործընկերներ և կան նաև երկրներ, որոնց հետ ոչ այդքան բարեկամական հարաբերություներ ունենք, մասնավորապես՝ Թուրքիան, պետք է հաշվի առնելով դա՝ բաց, շիտակ սեփական դիրքորոշումը այնտեղ ներկայացնել, պաշտպանել ու հասնել արդյունքի»։
Խոսելով Նախագահի բուն ելույթից՝ Բեքարյանը նշեց, որ դա չափազանց կարևոր էր՝ հաշվի առնելով, թե ինչ կարգի բարձր ամբիոնից են հնչում և քանի երկրներ են դրան ներկա։ Թեև նա վստահ է, որ Նախագահի ելույթը ներկայացված երկու հատվածով չի սահմանափակվել, բայց անդրադառնալով մեր տարածաշրջանին և մասնավորապես Ղարաբաղյան հարցին առնչվող հատվածին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Նախագահը հստակ նշեց, որ «հարևան երկրում ունենք բռնապետ ղեկավար», ինչի մասին, այլ բան է, որ խոսում են վերլուծաբաներն ու փորձագետները, այլ բան, երբ խոսում է երկրի ղեկավարը՝ այն էլ նման բարձրաստիճան հանդիպմանը։
Բեքարյանը նկատեց, որ շարունակում է մնալ այն տեսակետին, որ Ադրբեջանի ցինիկ պահվածքի համար իրենց մեղքի բաժինն ունեն Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկիր։ «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատասխանատվության բաժինը տեսնում ենք, երբ ելնելով աշխարհաքաղաքական պահի տեսակետից, աչք է փակում Ադրբեջանի պրոբլեմատիկ պահվածքի վրա և գլուխը շոյող վերաբերմունք թույլ տալիս, ինչն էլ Ադրբեջանին ստիպում է մտածել, որ իրեն ամեն ինչ կարելի է և դա կարող է տարածել ԼՂ կոնֆլիկտի համատեքստում և տարաբնույթ շանտաժի լեզու որդեգրել։ Եթե նայեք ՆԱՏՕ-ի հռչակագրած խաղաղարար սկզբունքներին, այս պահին Ադրբեջանի Նախագահն անգամ պետք է ՆԱՏՕ չհրավիրվեր»,-ասաց նա և նշեց, թե ԱՄՆ-ի դեպքում պատասխանատվության բաժինն ավելացավ նաև Ուորլիքի մեկնաբանության մասով, ով «Ադրբեջանին համոզեց նրանում, որ շանտաժն անցնում է և բերեց նրան, ինչին ականատես եղանք սահմանին»։
Ռուսաստանն էլ, բանախոսի խոսքով, իր պատասխանատվության բաժինն ունի, երբ զենք է վաճառում Ադրբեջանին, անկախ նրանից, թե ինչպես են մեկնաբանում՝ բիզնե՞ս, թե ինչ, և դա Ադրբեջանը նույնպես այլ կերպ է ընկալում։
«Հիմա նույն Ուելսի գագաթնաժողովում տեսնում ենք նույն պատասխանատվության բաժինը, նույն Ադրբեջանի Նախագահին հրավիրելով, նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է լոբբինգի միջոցով ապահովել Ադրբեջանի շահերի իրականացումը ՆԱՏՕ-ի շրջանակներում, և եթե այս փաստաթուղթը պարունակի նույն դոգմատիկ դրույթը, բնական է, որ սա խրախուսելու է Ադրբեջանին, ով իր պահվածքով դառնալու է ավելի կոշտ, ցինիկ»,-ասաց նա։
Քաղաքագետը կարծում է, որ պետք է միջազգային հանրությունը հասկանա, որ վստահություն էլեմենտների ամրապնդման համար խոստումները պետք է դարձնել ավելի առարկայական, այն է՝ դիպուկահարներին հետ քաշել, սեփական ժողովուրդներին խաղաղության պատրաստել, ինչպես նաև լավ կլիներ, որ Ստեփանակերտ-Երևան չվերթների հարցը մտներ օրակարգ։
Այդուհանդերձ, քաղաքագետը նշեց, թե չի գտնում, որ նախկին փաստաթղթի վերահաստատման հավանականությունը փոքր է։ «Կուզենայի որոշակի փոփոխություն կրի որպես կատարված աշխատանքի արդյունք, բայց չեմ բացառում, որ տեղի չունենա»,-ասաց նա։










