Ice Bucket Challenge. բելառուս երիտասարդին տուգանքով են սպառնացել Լուկաշենկոյին ուղարկած մարտահրավերի համար
Բելառուսի երիտասարդ բնակչին կարող են տուգանել այն բանի համար, որ նա երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ice Bucket Challenge բարեգործական ակցիային մասնակցելու մարտահրավեր է ուղարկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բերեզինոյից Դմիտրի Դայնեկոն տեսանյութ է հրապարակել, որտեղ իր վրա սառը ջուր է լցնում, ինչից հետո մարտահրավեր նետում Լուկաշենկոյին՝ նրան առաջարկելով անել նույնը:
Այս ակցիային արդեն մասնակցել են տասնյակ համաշխարհային մեծության աստղեր՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի նախկին տնօրեն Բիլ Գեյթսը, երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը, երգչուհի Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսը և այլք: Ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ԱԿՍ)։
Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց երիտասարդին կանչել են Բերեզինոյում անչափահասների հարցերով տեսչություն և սպառնացել տուգանքով, եթե տեսանյութը չհեռացվի YouTube տեսահոսթինգից:
Դմիտրիի խոսքով՝ իրեն ասել են, որ նա «Լուկաշենկոյին դեմ է գնացել»: Նա պատասխանել է, որ դա ընդամենն ակցիա էր: «Մենք ուղղակի ցանկանում էինք հերթը փոխանցել: Դա ընդամենը խաղ է: Որոշեցինք փորձել՝ հանկարծ բախտներս բերի»:
Բելառուսական կառավարությունն ուշադիր հետևում է երկրում ընդդիմադիր գործունեության ցանկացած արտահայտման:










