Հնդկաստանում սերիական մարդասպանին մահապատժի կենթարկեն
Հնդիկ տղամարդը մահապատժի է դատապարտվել դաժան սպանությունների համար, գրում է BBC News-ը:
2009թ.-ին Սուրինդեր Կոլին և նրա գործարար ընկեր Մոնիդեր Սինգհ Պանդհերը մեղադրվել են 14-ամյա Ռիմպա Հալդարի սպանության ու անդամահատման համար: Պանդհերը, սակայն, ազատ է արձակվել բարձրագույն ատյանի դատարանի կողմից:
Այս հանցագործությունը ցնցել է ամբողջ Հնդկաստանը: Ոստիկանությունը հայտնում է, որ Կոլին 19 երիտասարդ կանանց և երեխաների բռնաբարության է ենթարկել, սպանել և անդամահատել:
Ըստ ոստիկանության՝ Կոլին մոտենում էր երեխաներին և նրանց քաղցրավենիք առաջարկում, ապա՝ առևանգում: Նա դատարանում խոստովանել է, որ զբաղվել է մարդակերությամբ և նեկրոֆիլիայով:
Տեղի բնակչությունը, սակայն, մեղադրում է նաև ոստիկաններին, քանի որ նրանք արհամարհանքով են վերաբերվել կորած երեխաների մասին հաղորդագրություններին, քանի որ երեխաներն աղքատ ընտանիքներից են եղել:
Հնդկաստանում մահապատիժները թույլատրված են, սակայն շատ հազվադեպ են իրականացվում: Կոլիին կախաղան կհանեն այս տարվա սեպտեմբերի 12-ին:














