Այաթոլլահ Խամենեին իր համաձայնությունն է տվել Պենտագոնի հետ բանակցություններին

14:52 • 05.09.14

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին իր համաձայնությունն է տվել ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ իրանցի պաշտոնատար անձանց կապերին: Այդ մասին BBC-ին հաստատել է Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյան:

 

Իրաքի հյուսիսից ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում արդեն ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնատար անձանց հանդիպումներ են անցկացվում՝ կապված «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման ընդլայնման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

 

Երկու երկրները, որոնց դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին, միակարծիք են այն հարցում, որ «Իսլամական պետություն» խմբավորումն այժմ ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության գլխավոր սպառնալիքն է:

 

Վերջերս Իրանը զենք- զինամթերք է մատակարարել ինքնապաշտպանության քրդական ուժերին, որոնք կռվում են «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Նրանց զենք է մատակարարում նաև Պենտագոնը, իսկ ամերիկյան ավիացիան միաժամանակ հրթիռային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին: