Հայաստանում գործում է «Նոր ուղի» աղանդը, որն ինքնասպանություն է քարոզում. Սևակ Հովհաննիսյան
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Հայաստան ներթափանցած կրոնական աղանդների մասին, ասաց, թե իրենց դիմել են ինքնասպանություն քարոզող «Նոր ուղի» աղանդից տուժածները՝ ասելով, թե այն հոգեկան շեղումների պատճառ է դառնում:
«Նոր ուղի» աղանդից տուժողը մեր հայտնի երգիչներից մեկի հարազատն է: Նա երկու անգամ արդեն դիմել է ինքնասպանության: Աղանդի ղեկավարների անունները դեռ հայտնի չեն: Այն գրանցված չէ արդարադատության նախարարությունում, տեղեկություններ հայտնի չեն սրա մասին, միայն գիտենք, որ 2010 թվականից գործել է Ուկրաինայում»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն պրոպագանդում է «Շանթ» հեռուստաընկերության «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի պարուհի Մարի Հովհաննիսյանը:
Բանախոսն ասաց, թե ակտիվորեն գործում է նաև «Աստծո տուն» աղանդը, որը պարբերաբար հավաքներ է անցկացնում Երևանի «Այրարատ» կինոթատրոնի դահլիճում:
«Անչափահաս երեխաներ էլ են մասնակցում այդ աղանդների հավաքներին, ինչն օրենքի խախտում է: Այս աղանդն ամեն շաբաթ հավաքներ է կազմակերպում նաև մարզերում»,-տեղեկացրեց Սևակ Հովհաննիսյանը:










