Քառյակը 12 կետ կներկայացնի, թե 112 իր իրավունքն է. Էդուարդ Շարմազանով

10:00 • 05.09.14

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «թեժ աշնանը» և քառյակի կողմից հայտարարված ծրագրերին, նշեց.«Ժողովրդավարական երկրում, այդ թվում նաև Հայաստանում, օրենքով իրավունք տրված է, որ քաղաքական և քաղաքացիական ուժերն իրականացնեն իրենց պայքարը օրենքով սահմանված կարգով, այն է՝ հանրահավաքների ու երթերի միջոցով: Բացառապես դա իրենց իրավունք է ՝ հանրահավաք անեն, հանրահավաք չանեն, մամուլի ասուլիսներ անեն կամ չանեն, 12 կետ ներկայացնեն, թե 112 կետ, իրենց իրավունքն է»։


-Պարո՛ն Շարմազանով, քառյակը խոստացել էր թեժ աշուն, եթե իշխանություններն իրենց 12 կետի պահանջները չկատարեն։ Այսօր արդեն ընդունելով, որ իշխանություններն այդուհանդերձ իրենց պահանջները չեն կատարել՝ նշում են, որ իրենց հայտարարություններից հետ չեն կանգնում։ Այս պարագայում ինչպե՞ս են պատրաստվում իշխանությունները դիմակայել քառյակի մարտահրավերներին։


-Այո՛, մենք պատրաստվում ենք դիմակայել մարտահրավերներին, այսինքն՝ աղքատությանը, քաղաքական և սոցիալական բարեփոխումներին, սահմանադրական բարեփոխումներին, որ օր օրի պետք է ամեն ինչ անել, որպեսզի հասարակության կյանքն ավելի բարելավվի։ Էլ չեմ ասում արտաքին մարտահրավերներին ու անվտանգության հետ կապված խնդիրներին։ Շատ ավելի լուրջ մարտահրավերներ կան մեր կյանքում, քան ձեր նշած քառյակի 12 կետերը։ Ինչ վերաբերում է քաղաքական աշնանը, ապա եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, ամեն աշնանից սկսած ընդդիմադիրները խոսում են աշնան թեժացման մասին, և դա նորություն չէ, և չեմ էլ կարծում, որ պետք է սենսացիոն հայտարարություն ընդունել. սովորական հայտարարություն է՝ ամռանը քաղաքական կյանքը պասիվանում է, աշնանը, բնականաբար, քաղաքական ուժերը վերադառնում են արձակուրդից, աշնանային նստաշրջանն է սկսում, և կյանքն ամռան համեմատ ավելի ակտիվ է դառնում, սա բնական է։ Ինչ վերաբերվում է պահանջներին, ապա ես մի անգամ արդեն նշել եմ, որ ՀՀ քաղաքական ու տնտեսական օրակարգը շատ ավելի լայն է, քան իրենց նշած 12 կետերը, և մենք առաջնորդվում ենք ոչ թե ընդդիմության օրակարգով, այլ առաջնորդվում ենք հենց մեր օրակարգով, որը շատ լայն է։ Հնարավոր է, որ այդ օրակարգում լինեն կետեր, որոնք կզուգադիպեն, որպեսզի իրենց օրակարգը իրականացվի, իրենք պետք է լինեն իշխանություն, իսկ իշխանությունն ունի իր օրակարգը, իր նախագահի նախընտրական ծրագիրը, իր Կառավարության ծրագիրը, որով էլ առաջնորդվելու է և առաջնոդվում է։


-Քառյակից որոշ ուժեր նույնիսկ վերջնաժամկետի լեզվով են խոսում՝ նշելով, որ եթե քառյակը հրաժարվի աշնանային հանրահավաքներից, իրենք ամբողջական իշխանափոխություն կպահանջեն, ինչի մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:


-Մեկ անգամ ասացի, հիմա ևս կարող եմ կրկնել՝ անլուրջ է վերջնաժամկետներով խոսել, ուլտիմատումներով խոսել, շանտաժներով խոսել, դրան մենք լուրջ չենք վերաբերվում և պետք է հումորով վերաբերել նման հայտարարություններին: Մանավանդ, որ դա անում է մի մարդ, որը միասնականություն չունի իր խմբակցությունում: Նախ թող իր խմբակցությունում միասնականության հասնի, նոր քառյակի անունից հայտարարություններ անի:

 

-Այլ կերպ ասած՝ իշխանությունը, այսպես ասած, համոզելու խնդիր չունի քառյակին, որ ներկայացված 12 կետերից ավելի լուրջ քաղաքական օրակարգ ունի և պետք չէ արհեստական թեժացումներ հրահրել։


-Ո՛չ, իշխանությունը համոզելու խնդիր չունի, և ի տարբերություն շատ ուժերի՝ պատասխանատվություն է ստանձնել, և եթե ընդդիմությունը խոսում է ու ընդդիմության հիմնական զենքը դա խոսքն է, իշխանությունը և պետք է աշխատի ամեն օր և ներկայացնի իր աշխատանքը, ամբողջ աշխարհում է այդպես, մենք չենք եկել իշխանության, որ ընդդիմությանը համոզենք, թե ինչ լավն ենք մենք, մենք եկել ենք իշխանության՝ իրականացնելու ժողովրդի առջև տված խոստումները։ Ինչքանով դա կստացվի՝ 2017թ-ի ընտրությունները ցույց կտան։


- Այսինքն՝ հանրահավաքներ սկսելու մասին հայտարարությունը կարծում եք ուղղակի հիշեցո՞ւմ է իրենց մասին, ովքեր ընդամենը նախապատրաստվում են հերթական ընտրություններին։


- Ես մի բան կարող եմ ասել, որ ցանկացած ժողովրդավարական երկրում, այդ թվում նաև Հայաստանում օրենքով իրավունք տրված է, որ քաղաքական և քաղաքացիական ուժերն իրականացնեն իրենց պայքարը՝ օրենքով սահմանված կարգով ընդունված հանրահավաքների ու երթերի միջոցով, բացառապես դա իրենց իրավունք է՝ հանրահավաք անեն, հանրահավաք չանեն, մամուլի ասուլիսներ անեն կամ չանեն, 12 կետ ներկայացնեն, թե 112 կետ, իրենց իրավունքն է, և մենք այստեղ միջամտության կարիք չունենք։ Քաղաքական ընդդիմությունը կամ ոչ իշխանական ուժերն, ինչպես իրենք են իրենց ասում, իրենք իրենց կարծիքն ունեն, մենք՝ մեր, մանավանդ որ առանցքային հարցեր կան, որոնց շուրջ նույն քառյակում տարաձայնություններ կան։


-Այսինքն՝ ըստ Ձեզ քառյակը ջրբաժանի առա՞ջ է կանգնած այսօր։


-Չեմ կարծում, որ քառյակի միասնության կամ միասին գործելու գաղափարը պետք է ֆետիշացնենք, որովհետև քառյակը բաղկացած է տարբեր քաղաքական կուսակցություններից,և քառյակի կազմում կան խմբակցություններ, որոնք իրենց կուսակցություններում չունեն միասնականություն: Խոսքը և՛ ՀԱԿ-ի , և՛ «Ժառանգության» մասին է, իսկ ինչ վերաբերում է առանցքային տարաձայնություններին, ապա գաղտնիք չէ, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» մի կողմից, մնացած կուսակցությունները՝ մյուս կողմից, բացասական կարծիք ունեն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում եղել են քառյակներ, հնգյակներ, դաշինքներ, որոնք վաղ թե ուշ փլուզվել են, երբ չեն ունեցել գաղափարական բազա: Իսկ գաղափարական բազան, համագործակցությունը մի բան է, միասնական օրակարգը՝ լրիվ այլ բան: Տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր գաղափարախոսություններ են դավանում և այո՛, կան հարցեր, որոնց հետ կապված ունեն տարբեր կարծիքներ: Հիմա ինձ կարող է մեղադրեն՝ ասելով՝ Շարմազանովը ասում է, որ քառյակի համար պետք է վատ լինի, ապա ասեմ, որ չէ, քառյակը ո՛չ ինձ անհանգստացնում է, ո՛չ էլ նման խնդիր կա։ Պարզապես քառյակը որպես քաղաքական միավոր, որպես այդպիսին գոյություն չունի: Եվ շատ ճիշտ էր Աղվան Վարդանյանը, ով պառլամենտի ամբիոնից ասաց՝ չկա «Հրաշալի քառյակ», կան չորս քաղաքական ուժեր, որոնք տարբեր հարցերի շուրջ համագործակցում են: Բայց խոսել միասնական օրակարգի մասին… ընդամենը երկու տարբերություն՝ ՀԱԿ-ը և Դաշնակցությունը Ղարաբաղի և Ցեղասպանության հարցում ունեն միանգամայն տարբեր կարծիքներ, ունեն տարբեր կարծիքներ սահմանադրական բարեփոխումների հետ կապված: «Ժառանգությունը» ունի  5 հոգանոց խմբակցություն, 5-ից 2-ը «Ժառանգության» անդամները չեն: Կամ 7 հոգանոց խմբակցություն նույն ՀԱԿ-ում. Փաշինյանն ու Բագրատյանը լրիվ այլ կերպ են քվեարկում, մնացածը՝ այլ:


-Պարո՛ն Շարմազանով, սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստ կա, օրակարգում ի՞նչ հարցեր են նախատեսված քննարկելու:


-Քանի որ աշնանային նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 8-ին, որոշվեց նստաշրջանի նախօրեին խորհրդի նիստ գումարել, քանի որ թե՛ Կառավարությունն ունի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, թե՛ խմբակցությունը, այդ պատճառով էլ հրավիրվել է խորհրդի նիստ՝ նստաշրջանից առաջ քննարկելու համար մեր անելիքները։ Կարծում եմ այստեղ արտառոց բան չկա, շատ բնական է, որ կուսակցությունը հրավիրում է աշնանային նստաշրջանից առաջ խորհրդի նիստ, ավելին՝ անբնական կլիներ, եթե չհրավիրեինք։


-Իսկ կադրային փոփոխությունների հարց կա՞ օրակարգում։


-Դա բաց քննարկում է լինելու և խորհրդի 250 անդամներից ցանկացածը կարող է հարց բարձրացել և քննարկել, ես չեմ կարող ասել, ով ինչ հարց կքննարկի, հիմնականում դա լինելու է քաղաքական քննարկում մեր անելիքների վերաբերյալ։


-Պարո՛ն Շարմազանով, խոսակցություններ կան, թե հնարավոր է նոր նստաշրջանը ԱԺ մեծամասնությունը սկսի նոր կոալիցիայով, ինչքանո՞վ են դրանք հավաստի։


- Եթե տեսականորեն նայենք, քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է, բայց եթե գործնականում նայենք, մեր օրակարգում նոր կոալիցիաներ ձևավորելու խնդիր չկա։


-Այսինքն, նման հարց չի էլ քննարկվե՞լ։


-Այսօր ՀՀԿ քաղաքական օրակարգում նոր կոալիցիա ձևավորելու խնդիր չկա, բայց ընդհանրապես քաղաքականությունն ինքը շարունակվող պրոցես է և հնարավորի արվեստ է։