Բացթողումների համար մեղավոր մի փնտրեք, դա ես եմ. Վահե Հակոբյան
Շնորհակալություն եմ հայտնում մարզպետարանի գործընկերներիս: Ցանկացած դրական աշխատանքի արդյունքը Ձերը համարեք, իսկ բացթողումների համար՝ մեղավոր մի փնտրեք, դա ես եմ. այս մասին ասվում է երեկ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատված Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանի՝ սյունեցիներին ուղղված ուղերձում։
Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Սիրելի՛ սյունեցիներ,
Այսօր այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու, հաստատ է: Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաև նշանակման ժամանակ: Պաշտոնավարման ընթացքում, իհարկե, ունեցել եմ և՛ սխալներ, և՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ: Արել եմ հնարավորը: Արել եմ անմնացորդ նվիրումով: Սյունիքի ու սյունեցու կողքին լինելու եմ նաև հետայսու: Սխալների ու բացթողումների համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, դրական աշխատանքի համար՝ շնորհակալություն չեմ ակնկալում. դա իմ պարտքն էր:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզպետարանի գործընկերներիս: Ցանկացած դրական աշխատանքի արդյունքը Ձերը համարեք, իսկ բացթողումների համար՝ մեղավոր մի փնտրեք. դա ես եմ:
Բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն և երազանքների իրականացում:
Շնորհակալություն:
Հարգանքով՝ Վահե Հակոբյան»:










