Ուելսում Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները հանդիպել են

14:48 • 05.09.14

Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հանդիպմանը քննարկվել են Հունաստանի Նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Մտքեր են փոխանակվել հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ: 

Նախարարները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: 

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել և իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: 

Զրույցին անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: