Հրաչյա Հարությունյանի՝ հայրենիքում պատիժը կրելու գործընթացն արդեն հնարավոր է սկսել. ՄԻՊ պաշտոնյա

16:16 • 26.11.14

Ռուսաստանում վթարի համար 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի՝ հայրենիքում պատիժը կրելու գործընթացն արդեն հնարավոր է սկսել. այս մասին Tert.am-ին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:


«Այսինքն՝ նկատի ունենալով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կա, արդեն Հրաչյա Հարությունյանը կարող է դիմել ՌԴ և ՀՀ արդարադատության նախարարներին՝ սկսելու գործընթացը, որ, եթե հնարավոր է, քննարկվի իրեն ՀՀ տեղափոխելու և այստեղ պատիժը կրելու հնարավորությունը»,-ասաց նա։


Նշենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ Պոդոլսկում ավտոբուսի հետ բախված «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը դատապարտված է 6 տարի և 9 ամիս ազատազրկման և մեկ տարի ուղղիչ աշխատանքների: Հիշեցնենք, որ Հարությունյանի մասնակցությամբ վթարի արդյունքում 18 մարդ էր մահացել:


Երանուհի Թումանյանցը, անդրադառնալով այն փաստին, որ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացնելու վճռաբեկ դատարան, ասաց, որ դա գործընթացը սկսելուն չի խանգարի։ «Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է ուժի մեջ և անկախ նրանից՝ փաստաբանը կբողոքարկի՞, թե՞ չի բողոքարկի, կա դատական ակտ և, հետևաբար, կարող է ընթացք տրվել, այսինքն՝ ՌԴ օրենսդրության պայմաններից մեկը, որ կարող է ընթացք տրվել, օրինական ակտն է»,-ասաց նա։