Սթոլթենբերգը չի քննադատել հայկական կողմին ԼՂՀ-ում զորավարժություններ անցկացնելու համար. Թևան Պողոսյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին չի քննադատել հայկական կողմին ԼՂՀ-ում զորավարժություններ անցկացնելու համար, ինչպես այդ մասին գրել է ադրբեջանական apa.az գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության անդամ Մալախաթ Իբրահիմգըզըյի խոսքերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:
«Սթոլթենբերգը որևէ այդ տեսակի բան չի արտահայտել: Նույնիսկ եթե մեկնումեկը ասեր, մեր պատվիրակության կողմից արժանի պատասխան կստանար: Սթոլթենբերգը կոչ է արել և արտահայտել է իր մտահոգությունները էսկալացիայի իմաստով և բացատրել է, որ ՆԱՏՕ-ն որևէ դերակատարություն չունի ԼՂՀ-ի հարցում և միայն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում բանակցային գործընթացը: Նա ընդգծել է, որ հարցը չունի այլընտրանք, բացի խաղաղ կարգավորումից»,-ասաց Թևան Պողոսյանը:
Թևան Պողոսյանն այնուհետև ընդգծեց, որ Ղարաբաղյան հիմնահարցի հենց սկզբից ադրբեջանական ԶԼՄ-ի փոխանցած տեղեկությունները միշտ խեղաթյուրված են եղել և հորդորեց դրանք արհամարհել:
«Ամբողջ նիստը օնլայն հեռարձակվել է, և ցանկացած անգլերենի մասնագետ կարող է շատ հանգիստ ասել, թե ինչ է ասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,-ասաց նա:










