Ձեզ ո՞վ է իրավունք տվել պղծել իմ հոր տունը. Պ. Հայրիկյանը՝ ընդդեմ ԵՏՄ-ի ակցիայի ժամանակ

12:49 • 02.12.14

Ազգային ժողովի քննարկմանը զուգահեռ ԱԺ-ի մոտ ընթանում է բողոքի ակցիա` ընդդեմ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացման:


Ցուցարարները վստահ են, թե պայմանագրին կողմ քվեարկողները Հայաստանը ռուսական կայսերապաշտության խաղալիքի կվերածեն:


«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյան այսօր պատգմավորների համար առանձին-առանձին ուղերձ էր պատրաստել.«ԵՏՄ-ին միանալու քվեարկությամբ ամեն պատգամավոր իր ժառանգներին հետագայում հետաքրքրող մի կարևոր հարցի պատասխանն է տալու՝ այդ քվեարկությամբ ինքը մասնակցել է որպես մա՞րդ, թե՞...»:


Պարույր Հայրիկյանն ասաց, թե հասկանում է, որ ներկա խորհրդարանը շատ հեռու է իրապես ներկայացուցչական մարմին կոչվելու մակարդակից. «Բայց փաստ է, որ այժմ ձեզ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներիդ է վերապահված հայ ժողովրդին նսեմացնելու կամ վերջնական կործանումից փրկելու մենաշնորհը»,- ուղերձն ընթերցեց նա:


Հայրիկյանը նկատեց, թե նրանք, ովքեր «կողմ են մարդկության թշնամի, քաղաքակրթության հակառակորդ պուտինիզմի հետ Հայաստանը կապելուն, այսինքն՝ Հայաստանը կործանելուն, պետք է գիտակցեն, որ իրենց դավաճանական էությանն է ուղղված ավետարանական ցասումը». «Իժերի ծնունդներ, ձեզ ո՞վ է իրավունք տվել պղծել իմ հոր տունը»։

ԱԻՄ առաջնորդը զգուշացնում է պատգամավորներին. «Դուք նախազգուշացված եք և այս նախազգուշացմամբ զրկվում եք ապագայում մեղմացուցիչ հանգամանքներից։ Իսկ որ հայրենիքի դավաճաններին դատարան է սպասում, կարող եք չկասկածել»,-եզրափակեց նա: