Ա. Ռուստամյանը արխիվներից հայտնաբերել է, որ 1994 թվականից առ այսօր ԵՏՄ-ին համարժեք և գործող պայմանագիր կա (տեսանյութ)
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սենսացիոն բացահայտում արեց՝ ցույց տալով 94 թվականից գործող « «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագիր , որով նախատեսվում է ստեղծել Մաքսային միություն, վարել միասնական դրամավարկային քաղաքականություն, ունենալ մեկ միասնական արժույթ՝ ռուբլի: «Եվ եթե իմանայինք, որ Հայաստանը նույնպիսի պարտավորություն է ստանձնել 94 թվականին, մենք կտեսնեինք, որ շատ ավելի խիստ և շատ ավելի լուրջ պարտավորությունների ծավալ արդեն իսկ ստանձնել ենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
-Դաշնակցությունը ԵՏՄ-ին միանալը ողջունել է դեռ 2013-ին, երբ Մաքսային միության մասին էր խոսքը: Այսօր ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Պարույր Հայրիկյանն իր ուղերձում աստվածաշնչյան խոսքով՝ իժի ծնունդներ, այսինքն՝ խարդախ մարդիկ, դավաճան անվանեց պայմանագիրը վավերացնողներին, իսկ Զարուհի Փոստանջյանը բաժանեց այդ ուղերձը։
-Ամոթ չէ ՞ նման լեզվով խոսելը, այն էլ իրենց նպատակների համար օգտագործում են Աստվածաշունչը: Լավ բան չի դա։ Էդ ոճով նամակ գրելը ոչ մի ազդեցություն չի կարող գործել, որովհետև էնքան ենք էժանացնում «դավաճան» հասկացությունը, որ իրական դավաճանները սողոսկում են էս ամեն ինչի տակ: Չի կարելի այդքան արժեզրկել խոսքն իր բովանդակությամբ:
-Երբ Դաշնակցությունը ողջունում էր ԵՏՄ-ին միանալը դա անում էր հիմնականում անվտանգության նկատառումներից ելնելով, հիմա պարզվեց , որ սա տնտեսական պայմանագիր չէ, և անգամ պայմանագրի համար գլխադասային էր տնտեսական հանձնաժողովը:
-Անվտանգության համակարգը մի քանի բաղադրիչ ունի, դա միայն ռազմական անվտանգությունը չէ, տնտեսական անվտանգություն գոյություն ունի նաև, և սա լայն հասկացություն է: Եվ չես կարող տնտեսապես թույլ լինելով քո անվտանգությունն ապահովել:
Եվ նաև մեկ այլ կարևոր բան. պարզապես մենք տեղյակ չենք, թե Հայաստանը մինչև հիմա ինչ պարտավորություններ է ստանձնել, և եթե իմանայինք, որ Հայաստանը նույնպիսի պարտավորություն է ստանձնել 94 թվականին, մենք կտեսնեինք, որ շատ ավելի խիստ և շատ ավելի լուրջ պարտավորությունների ծավալ արդեն իսկ ստանձնել ենք: Ահա՛, այս փաստաթուղթը իմ ձեռքին է, և մենք ստորագրել ու վավերացրել ենք 94 թվականից ուժի մեջ մտած փաստաթուղթ՝ Տնտեսական միության ստեղծման մասին, որտեղ խոսվում է Մաքսային միության ստեղծման մասին , որտեղ խոսվում է համաձայնեցված առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որտեղ խոսվում է դրամավարկային, ֆինանսական և արժութային հարաբերություններ ստեղծելու մասին՝ ընդհուպ մինչև ռուբլու գոտի ունենալու: Այստեղ նաև կառույց կա, եթե ասում եք կառույց չկա՝ դա կոչվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհուրդ:
-Ստորագրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք մոռացության մատնվեց:
-Ասեմ, որ այս պայմանագիրը գործում է, ամեն 5 տարին մեկ վերաթարմացվում է և առաջիկա վերաթարմացման ժամկետը 2018 թվականն է: Պարզապես մենք մեզնից տեղյակ չենք, մենք մոռացել ենք այս պայմանագրի մասին: Իսկ ավելի կոնկրետ՝ մեկ ձեռքը չգիտի, ինչ է անում մյուսը , և մենք ենք ստիպված լինում արխիվներից հանել էս բաները: Մենք ի տարբերություն, ուսումնասիրում ենք, թռուցիկներ չենք բաժանում, մարդկանց չենք խաբում:
-ԵՏՄ պայմանագրի հետ համադրելով կարո՞ղ եք ասել, որ այս մեկն ավելի խիստ պայմաններ ունի:
-Այս պայմանագրում բառ չեմ տեսնում, որ այստեղ չկա ասված: Կրկնում եմ՝ համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն իրականացնելու և այլն, և այլն:










