Հոգեորսություն հայկական ձևով. ներիր ինձ սիրելի Էլվիս և դու՝ Էլիզաբեթ

22:50 • 02.12.14

Ամենածանր քարով էլ խփեք, մեկ է, ես սա պիտի գրեմ. խոսքը, խիղճը, գաղափարները ճնշելու ամենասահուն ճանապարհը նրանց արձակելն է՝ ես քեզ ազատություն տամ, դու գնա, գլուխդ կեր, տար անգամ սեռդ, կրոնդ փոխի՝ ազատ ես։ Խոշոր երկիրը՝ Զևսը, խնդիր չունի, նա կլափի մարդկային հոծ խմբերի համատարած ապուշությունը և չի թունավորվի, իսկ ահա եզը... Զևսը չէ։ Բայց երևի հենց դա էլ ի սկզբանե եղել է Զևսի մտքում. էս եզին բռնում ազատամտության ձիու դոզա ես տալիս ու սա վերջնականապես «խելըռում ա»...


Օրենքի տառն ու հատկապես ոգին ինձ չի պաշտպանում համատարած հոգեորսությունից, անգամ ինքնապաշտպանության մի լուսանցք չի թողնում։ Եթե այստեղ գրեմ, որ դուռս օրը մի քանի անգամ ջարդող քարոզիչը աղանդավոր է, նրա տերերն ինձ մեկից մեկ քարշ կտան դատարան։ Բայց անգամ այդ գնով պետք է գրել, որովհետև, այսօր մեր եկեղեցին եթե անգամ շատ ցանկանա, ֆիզիկապես չի կարող դրանց դեմ պայքարել։ Հայ առաքելական եկեղեցին ամենաքիչը տասներկու տարում է մի քահանա «թողարկում». 6 տարի՝ նախնական կրթություն, հետո թե բախտդ բերի՝ սարկավագ կդառնաս ու միայն 6 տարի անց կարող ես քահանա ձեռնադրվել, որ Ավետարան քարոզելու իրավունք ունենաս։ Իսկ տարատեսակ աղանդների վկաները այսպիսի «բյուրոկրատական քաշքշուկների» չեն ենթարկում, կատաղի արագությամբ բազմանում են ու լցվում մեր ծոցը։ Հայաստանը վերջնական հյուծախտի չհասցնելու համար, արժե, իհարկե, ևս մեկ անգամ խորհել « ոչ թե մարդն է շաբաթ օրվա համար, այլ շաբաթը՝ մարդու» իմաստնության շուրջ, որովհետև մի քահանա չունեցող մեր գյուղերը հազար կռապաշտի բաժին կդառնան։ Եվ դարձել են։ Բայց ես էդ ո՞վ դարձա, որ առաջարկեմ մեր եկեղեցուն գոնե Աստծո տան ճրագը՝ մոմերը, սեղանի տակից չվաճառել։ Չեմ առաջարկում, որովհետև, ո՞վ չգիտի՝ ամբողջ աշխարհում էլ եկեղեցում մոմ չեն վաճառում։


Զանգ զանգի ետևից, ամբողջ տունը կարծես հակառակորդի կրակահերթերի տակ է, համատարած վիբրացիայի մեջ։ Բացում եմ.


-Թե իմանայիք, ինչեր միայն չեմ փորձել կյանքում՝ փառք և պատիվ, տղամարդկանց, թմրադեղեր և խմիչք, բայց ոչինչ ինձ խաղաղություն չբերեց։


-Վայ, ներս եկեք, ի՞նչ է պատահել, ես կարո՞ղ եմ Ձեզ օգնել։


-Այո, իհարկե կարող եք, միայն ինձ լսեք, խնդրում եմ։


-Անպայման կլսեմ, համեցեք։


-Թերևս միակ խաղաղությունը մահն է։


-Դե ինչո՞ւ եք այդպես ասում, ախր կյանքն էլ հրաշալի բան է։


-Դա ես չեմ ասում, այդ ամբողջն ասել է էլիզաբեթ Թեյլորը։ Ճանաչո՞ւմ եք նրան։


-Դե ճանաչելը որն է, հռչակավորներին ոչ մեկն էլ խորքից չի ճանաչում, անգամ նրանց բազմաթիվ ամուսիններն ու սիրեկանները։ Իսկ ի՞նչ կապ ունի Թեյլորը Ձեզ հետ կամ առավել ևս՝ իմ։


-Հիմա պատմեմ. նա իր կյանքում ուզում էր ունենալ երեք բան՝ հարստություն, փառք և երջանկություն, բայց երբ նրան հարցրին՝ արդյո՞ք դու երջանիկ ես, նա պատասխանեց՝ ոչ, ես դժբախտ ու միայնակ եմ, ինչպես դժոխքում։


- Թեյլորն ինչո՞ւ էր մենակությունից բողոքում, եթե չեմ սխալվում տասնյակ ամուսիններ է ունեցել, անգամ խոստովանել է, թե ցանկացած հաշվիչ մեքենա կայրվի, եթե փորձի հաշվել իր տեսած տղամարդկանց։


-Ոչ, ոչ, դա արդեն Թեյլորը չի ասել...


-Հա, կներեք, փաստորեն արդեն Ձեր պատմությունը սկսեցիք, պատմել հա՞։

 


-Բայց Դուք խոստացաք ինձ լսել, չէ՞։


-Այո, կներեք...


-Այդ դժբախտն ու միայնակը նախկինում ձու էր գողանում, հետո դարձավ բեռնատարի վարորդ, բայց հետո սկսեց քիչ-քիչ հարստանալ, շատ, շատ փողեր ունեցավ։ Դու հասկացար, երևի խոսքը ում մասին է։


-Չէ, չհասկացա...


-Լսիր և կհասկանաս. նրա սիրտը կանգնեց 1977 թվականի օգոստոսի 15-ին, ժամը տասն անց կես։


-Ցավում եմ, նա Ձեր ամուսի՞նն էր։


-Ոչ, նա չէր կարող լինել իմ ամուսինը, և ոչ մեկի ամուսինն էլ նա չէր կարող լինել։


-Ձեր եղբա՞յրն էր։


-Ոչ, արդյո՞ք չկռահեցիք, որ խոսքը ռոքի արքա Էլվիս Փրեսլիի մասին է։


-Սիրելիս, հավատացեք ինձ, ես այդքան ժամանակ չունեմ. կամ սկսեք պատմել Ձեր մասին, կամ թույլ տվեք աշխատել։ Ես ահագին զբաղված մարդ եմ։


-Ես այդ անհատներից սկսեցի, որ ամեն ինչ պարզ լինի Ձեզ, որպեսզի իմանաք, որ հարստությունը, փառքը, կեղծ բարեկամությունը չեն կարող խաղաղություն բերել։


-Շնորհակալ եմ, իմացա։


-Չե՞ք մտածել, թե երիտասարդներն ինչու են ինքնասպանություն գործում։


-Մտածել եմ...


-Այո, մարդիկ միայնակ ու հուսախաբ են։ Ամենուրեք նրանք փնտրում են երջանկություն և խաղաղություն։ Բայց, դժբախտաբար չեն գտնում։ Իսկ դու հարցրու, ապա հարցրու, որն է պատճառը. հարցրու, հարցրու, մի ամաչի։ Տեսնում եմ, որ մի քիչ ամոթխած աղջիկ ես։


-Ինչից երևաց ամոթխածությունս, որ այսպիսի ահռելի համբերատարությամբ Ձեզ դեռ լսո՞ւմ եմ։


-Դու գիտե՞ս, որ ես եկել եմ քեզ ուրախալի լուր ասելու։


-Դե ասեք, ինչու՞ եք այսքան ձգում։


-Դե հիմա լսիր. դու շատ դատարկ ես։


-Լսիր, դու հույսդ իմ հանդարտության վրա մի դիր, ազատիր բնակարանս։ Արագ։


-Սպասեք, Դուք ինձ սխալ հասկացաք, ես բան ունեմ Ձեզ փոխանցելու, հասկացեք. Նա Ձեզ շատ է սիրում, Դուք իզուր եք Նրանից երես թեքել, միայն Նա կարող է Ձեզ երջանկություն տալ, Նա ուզում է նորից գալ դեպի քո կյանք, ուղղակի Նրան պիտի ասես, որ քո կյանքը խառնաշփոթ է դարձել և դրանում դու ես մեղավոր... Քո այդ փափագը Նրան կարող ես հայտնել մի պարզ աղոթքով. սիրելի Հիսուս, ես օգնության կարիք ունեմ...


-Լավ. ամեն ինչ պարզ է, հերթական վկան ես, հոգեորսության ես դուրս եկել, գնա, խնդրում եմ, բայց շատ թախծոտ աչքեր ունես ու եթե մի օր, իսկապես ուզես պատմել քո մասին, ես կլսեմ քեզ, հավատա։ Ավելի տխուր աչքեր իմ կյանքում չեմ տեսել։


- Եթե դու զբաղված ես հիմա, ես թողնեմ հեռախոսահամար, երբ կուզես, զանգի շարունակենք զրույցը։


Ահավոր նյարդայնացած դուռը փակում եմ վկայի ետևից, մեկ էլ նկատում եմ, որ սա ակնոցը թողել է սեղանին։ Լավ է՝ գոնե ճակատը պնդացրեց ու հեռախոսահամար թողեց։ Զանգում եմ.


-Ալո... բալի՜կ, մաման տա՞նն է։


-Չէ, գործի։


-Ի՞նչ է աշխատում մաման, գիտե՞ս։


-Հա, սիրուն գրքեր բաժանող ա։


-Դու քանի՞ տարեկան ես։


-9-ը։


-Դու կարդու՞մ ես այդ գրքերը։


-Չէ, մենակ Հիսուսի նկարներն եմ նայում։


-Բա մաման չի պատմո՞ւմ՝ ինչ է գրված այդ գրքերում։


-Չէ, մաման իմ հետ շատ չի խոսում, հոգնած ա։


-Հիմա դու չգիտե՞ս Հիսուսն ով է։


-Ինքն այստեղ չի, երկնքում ա ապրում, հենց գա, կտեսնեմ, կիմանամ։


-Բա ե՞րբ կգա։


-էդ ես չգիտեմ, մաման գիտի։


-Հայրիկ ունե՞ս։


-Առաջ ունեի, հիմա՝ չէ։


-Բա ո՞ւր գնաց։


-Մամայի հետ կռվեց։


-Ինչո՞ւ։


-Դե մամային ասեց, եթե էլի գիրք բաժանես կգնամ, մաման էլ էլի բաժանեց։


-Բա հայրիկիդ չես կարոտե՞լ։


-Հա, շատ կուզեմ գա։


-Որ գա, ի՞նչ կուզես բերի քեզ։


-Համով ուտելու բաներ, սիրուն շոր...


-Համով ի՞նչ։


-Խնձոր, մանդարին...


-Հիմա խնձոր չունե՞ս։


-Չէ, մենակ բորշչ ա։


-Կարող ա, լավ չես նայել, սառնարանում կա, բայց չես տեսնում։ Գնա մի հատ նայի, արի։


-Հեսա.....չէ, սառնարանում մենակ թթու կա, մեկ էլ բորշչ, ուրիշ բան չկա։


-Մամայի հետ եկեղեցի շա՞տ եք գնում։


-Չէ, ինքը եկեղեցի չի գնում։ Ինձ էլ չի տանում։


-Տանը համակարգիչ ունե՞ք։


-Չէ, մենակ կարի մեքենա։ Մաման փող պիտի փող հավաքի, որ գնանք ստեղից։


-Բա Հայաստանը սիրուն տեղ չէ՞։ Ինչո՞ւ գնաք։


-Դե մաման լացում ա, չի ուզում. էն օրն էլի լույսը եկան, անջատեցին։


-Հիմա լույս չունե՞ք։


-Չէ, էսօր միացրին, մաման պարտք արեց մորքուրից։


-Հա՜, որ եկավ մեր տուն, տեսա, որ շատ տխուր էր։ Բայց Աստված կօգնի, մի մտածի։


-Քեզ օգնե՞լ է։


-Այո, շատ-շատ։


-Բա ոնց իմացավ, որ օգնեց։


- Երևի տեսավ ու լսեց։


-Հա, բայց որտեղ էիր կանգնել, ինչ արեցիր, որ տեսավ։


-Խնդրեցի, մտքումս աղոթեցի «Հայր մերը» ։


-Հետո ինչ արեցի՞ր։


-Հետո՞...մտածեցի, հետո եկեղեցի գնացի, մոմ վառեցի։


-Բայց մաման ասում ա, մոմ չի կարելի վառել։


-Ինչո՞ւ չի կարելի, կարելի է։


-Կարելի՞ է։ Դե սպասի զանգեմ իրան ասեմ, սպասի մի րոպե...մա՛մ, եթե ուզում ես, Հիսուսը քեզ լսի գիտե՞ս ինչ պիտի անես... պիտի մոմ վառես ու մտքումդ «Հայր մերը» ասես...չէ, դու էլ ինձ լսի, դու պիտի անպայման մոմ վառես...դե ես հիմա երազանք պահեմ, դու մոմ կառնե՞ս...չէ, թանկ չի, թանկ չի...չեմ սովորի, մինչև չառնես. Խոստանո՞ւմ ես...դե լավ։ Ալո՜...


-Կբերի՞, ի՞նչ ասաց։


-Հա, ասեց կառնեմ։


-Իսկ ի՞նչ երազանք ես պահելու, եթե իհարկե գաղտնիք չէ։


-Որ հայրիկը գա, միասին լինենք, հեսա Նոր տարին ա, չէ՞...


Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի