Հայերը գիտեն Հոլոքոստի և հոլոքոստի միջև տարբերությունը. The Independent
Ռոբերտ Ֆիսկը բրիտանական The Independent թերթում տպագրված իր հոդվածում, խոսելով մամուլում օգտագործվող վիճելի եզրույթների և անունների մասին, նշել է նաև Հայոց ցեղասպանությունը մեծատառով Հոլոքոստ գրելու հարցը:
Հեղինակը հիշում է, որ տարիներ առաջ նա The Independent թերթի համար գրված հոդվածում օգտագործել է «Հայկական Հոլոքոստ» արտահայտությունը: Խմբագիրներից մեկը, սակայն, անմիջապես մեծատառ Հ-ն փոխել է փոքրատառ հ-ի:
«Հեռախոսս չէր դադարում զանգեր ստանալ: Հայերը վրդովված էին: Նրանք պահանջում էին իմանալ՝ ինչո՞ւ նրանք արժանի չէին մեծատառ Հ-ի: Թուրքերը բավականաչափ հայեր չե՞ն կոտորել նրանց մեծատառ Հ-ով որակավորելու համար»,- գրում է հեղինակը:
Ֆիսկի խոսքով՝ ինքն այդ ժամանակ երկար նամակ է գրել իր այդ ժամանակվա խմբագիր Սիմոն Կելներին՝ նրան բացատրելով, որ դա ռասիստական մոտեցում է՝ տարբերություն դնել երկու ցեղասպանությունների միջև, քանի որ չի կարելի սահմանման համար հիմք ընդունել 1, 500,000 և 6,000,000-ի միջև քանակային տարբերությունը:
«Բացի այդ, իսրայելցիները (ի հակադրություն Իսրայել պետությանը, որը հայկական դեպքերը չի ճանաչում անգամ որպես ցեղասպանություն) հայկական կոտորածներն անվանում են Հայկական Շոա՝ օգտագործելով Հոլոքոստի համար եբրայերեն բառը»,- գրում է նա:
Խմբագիրն այնուհետ Ֆիսկի նամակը որպես հոդված տպագրել է The Independent-ում, որն էլ այնուհետ արժանացել է լրագրողական մրցանակի:
«Ավելի վաղ այս ամիս ես կրկին անդրադարձա Հայկական Հոլոքոստին, և խմբագիրը, որը ծանոթ չէր արտահայտությանը, կրկին նվազեցրեց այդ տառի կարևորությունը: Նա փոխեց մեծատառ Հ-ն հ-ի»,- գրում է Ֆիսկը՝ նշելով, որ այդ փաստը կրկին առաջացրել է հայերի վրդովմունքը:
Հայերի բազմաթիվ դժգոհություններից հետո կայքում տեղադրված տարբերակում փոքրատառը կրկին փոխարինվել է մեծատառ Հ-ով:










