Թուրքիային և ՌԴ-ին միավորում է իրենց այլընտրանքային հնարավորությունը Արևմուտքին ու ԱՄՆ-ին ցույց տալու խնդիրը. Ա. Պապյան
Քաղաքական առումով թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը ջանում են Արևմուտքին և Եվրոպային ցույց տալ իրենց այլընտրանքային հնարավորությունը, ինչը նրանց միավորում է ու խաղարկվում է:
Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին:
«Արդեն իսկ հայտարարված է, որ բավականին մեծ համաձայնագիր պետք է ստորագրվի, ինչը նշանակում է սերտացնել հարաբերությունները: Սրանք բնույթով տնտեսական բնույթի են, բայց, ըստ էության, քաղաքականությունը խարսխվում է տնտեսության վրա: Չմոռանանք, որ այսօր Ռուսաստանն արդեն նախատեսում է Թուրքիայի հետ առևտրային շրջանառությունն առաջիկա 10 տարվա մեջ հասցնել 100 միլիարդի: Կարծում եմ, որ այս այցն այդ ուղղությամբ է: Քաղաքական առումով երկուսն էլ ջանում են Արևմուտքին և Եվրոպային ցույց տալ իրենց այլընտրանքային հնարավորությունը: Այսինքն՝ Թուրքիան ասում է՝ դե լավ, ինձ չեք ընդունում, չեք ընդունում, ես Ռուսաստանի հետ կլինեմ: Ռուսաստանն էլ ասում է՝ պատժամիջոցներ եք կիրառում, բայց կա Թուրքիա»,-ասաց նա։
Այս համատեքստում Արա Պապյանը հիշատակեց, որ Ռուսաստանի Նախագահի՝ ի սկզբանե շարքային այցը հընթացս դարձվեց պաշտոնական, այնպես որ դա ցուցանիշ է:
Հիշեցնենք, որ TRT Haber-ը հաղորդել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը էներգետիկ ոլորտում 8 համաձայնագրեր են կնքել, նաև կողմերը Թուրքիայում ատոմակայան կառուցելու մասին հուշագիր են ստորագրել:
Հիշեցնենք, որ թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները նույնպես բնորոշել էր հետևյալ կերպ՝ կողմերն ունեն տնտեսական մեծ փոխկախվածություն միմյանցից, սակայն աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հարթությունում կան ակնհայտ հակասություններ ու տարաձայնություններ, որոնք որոշակիորեն կոմպենսացվում են տնտեսական փոխկախվածությամբ:
Թուրք-ռուսական քաղաքական հակասությունների թվում ընդունված է մատնանշել Սիրիան, Ղրիմը, «Իսլամական պետությունը», ԼՂՀ-ն: Արա Պապյանը կարծում է, որ ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը միանգամայն կոմպենսացնում է քաղաքական բնույթի այդ հակասությունները:
«Այդ 4 կոնֆլիկտային հատվածներն են, որոնց շուրջ ինչ-որ տարբերություններ կան, բայց քանի որ տնտեսական շահն այնքան մեծ է երկուսի համար, իրենք պարզապես շատ բաների վրա աչք կփակեն և փակում են: Այստեղ իմ մտահոգությունն այն է, որ հանկարծ մեր հաշվին զիջումներ չկատարվեն, այսինքն՝ Ռուսաստանի կողմից Թուրքիային՝ ինչ-որ տնտեսական խնդիրներ լուծելու համար: Թե չէ այն, որ այսօր տնտեսությունն ընդհանրապես քաղաքականության ուղենիշ է, ակնհայտ է, բոլորն էլ այդպես են վարվում»,-ասաց Արա Պապյանը:
Տարածաշրջանային հարցով փորձագետ Սարո Սարոյանը Tert.am-ի հետ զրույցում թերահավատություն հայտնեց. «Չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա, քանի որ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, ներկա բալանսը էնպիսին է, որ քաղաքական խնդիրները միշտ մնալու են ակտուալ և տնտեսական ոչ մի գործակցություն չի կարող գալ և ծածկել տարբեր երկրների քաղաքական շահախնդրությունը: Բոլոր այն խնդիրները, որոնք կապված են քաղաքականի հետ, երբեք չեն կարող հետին պլան մղվել։ Սիրիայի խնդիրը մշտապես մնալու է ակտուալ Ռուսաստանի համար ու չեմ կարծում, որ հանունի ինչ-որ տնտեսական շահերի՝ Ռուսաստանը կարող է Սիրիայի հարցում փոխել իր դիրքորոշումը»:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման ֆոնին, բայց չեն համաձայնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարցով։ Այսինքն՝ Ռեջեփ Էրդողանը համոզմունք է հայտնել, թե Ասադը պետք է թողնի իշխանությունը, իսկ Ռուսաստանի Նախագահն իր հերթին թուրք գործընկերոջը հիշեցրել է անցած հունիսին Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Ասադը ստացել է քվեների 98 տոկոսը։
Ինչ վերաբերում է հայկական խնդիրների շուրջ ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածություններին՝ Հայոց ցեղասպանություն, Ղարաբաղի խնդիր, ապա Սարո Սարոյանը նկատեց, որ նման պայմանավորվածություններ, ի վնաս Հայաստանի, եղել են և էլի կլինեն: Բայց առաջարկեց տարբերակել երկու բան. «Այսինքն՝ եթե առկա է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի շահ, ապա չեմ կարծում, որ այս հարցում Ռուսաստանը կարող է հետ քաշվել, իսկ եթե վերաբերում է Հայաստանի պետական շահին, ապա նման պայմանավորվածություններ եղել են և կրկնում եմ՝ կլինեն»:
Վաշինգտոնը չի՞ ստիպի Թուրքիային Ռուսաստանի հարցում վերանայել որոշումը: Այս հարցին ի պատասխան Արա Պապյանը նկատեց, որ Վաշինգտոնն այդքան լծակ չունի Թուրքիայի վրա, որովհետև Թուրքիայի առաջին գործընկերը Գերմանիան է, հետո Ռուսաստանը, այնուհետև՝ Իրանը:
«Բայց այստեղ հարցն այն է, որ Ռուսաստանից կախվածությունը շատ ավելի մեծ է: Ամերիկայից Թուրքիան կախված է միայն անվտանգության առումով: Նույն Սառը պատերազմի ժամանակ Ամերիկան կարևոր էր Թուրքիայի համար, որպեսզի պաշտպանի Ռուսաստանի հարձակումից: Այսօր Ռուսաստանը պարզապես ի վիճակի չէ անգամ ցանկության դեպքում դա անել, հետևաբար Թուրքիան Ռուսաստանից ռազմական վտանգ չի տեսնում: Բայց այստեղ Թուրքիան կրակի հետ է խաղում: Եթե Ամերիկան որոշի, որ Թուրքիան այլևս դաշնակից չէ, և եթե Ամերիկան դառնա պակաս կարևոր, որովհետև վտանգը քչացել է, շատ հնարավոր է, որ Ամերիկան սկսի վտանգներ ստեղծել Թուրքիայի համար: Նույն քրդական գործոնը կարող է շատ ակտիվանալ, էլ չեմ ասում նաև հայկականի մասին»,-ասաց Արա Պապյանը:
Նրա կանխատեսմամբ՝ քրդական գործոնի ակտիվացման վերջնական փուլը կլինի քրդական պետության ստեղծումը: Արա Պապյանը վստահ է, որ դա լինելու է, ուղղակի հարց է, թե ում հաշվին՝ ում սահմանների հաշվին կստեղծվի այդ պետությունը:
Վերլուծաբանը հավելեց, որ ակնհայտ է, որ դա նաև մեր շահերին է ծառայելու. «Այդ առումով Հայաստանը կկարողանա օգտվել առիթից, եթե հեռահար և հետևողական քաղաքականություն տանի, ինչը ես առայժմ չեմ տեսնում»:










