Միգուցե սպասեք, չգնա՞ք այդ անկումային տնտեսությանն անդամակցելու. Զ. Փոստանջյանը՝ Վ. Այվազյանին
ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով հարակից զեկուցող ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ նկատեց, թե նշում են, որ առաջընթաց ենք ունենալու, տնտեսվարողները դրախտի շուկայում են հայտնվելու, այն դեպքում, երբ ՌԴ-ն նավթի, գազի եկամուտներով է սնվում, որոնք այսօր անկում են ապրում:
«Ինչպե՞ս ենք մեր ապրանքները վաճառելու, եթե շուկան գնողունակ չէ: Միգուցե սպասեք, չգնա՞ք այդ անկումային տնտեսությանն անդամակցելու»,-առաջարկեց նա:
«Փորձեմ Ձեր հարցադրումներին պատասխանել, թե որքանով կբավարարի, որքանով չէ, Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են»,-ասաց Վարդան Այվազյանը և նշեց, որ «դրախտի շուկան» ներկա պրոցեսների հետ կապ չունի:
«ՀՀ-ի վրա այս ազդեցություններն ուղիղ համեմատական են լինելու՝ անկախ նրանից գործընթացում կլինենք թե ոչ»,-ասաց Այվազյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ից մեծամասամբ պղինձ, մոլիբդեն ու ոսկի է արտահանվում ՌԴ, իսկ Ռուսաստանն ունի արտահանման հավելյալ տոկոսադրույք, որը ՀՀ-ի նկատմամբ չի կիրառում:
Վարդան Այվազյանն ընդգծեց, որ ՀՀ-ն կախված է դրսի և մասնավորապես ՌԴ-ից եկող տրանսֆերտներից։ «Որևէ մեկի համար դա գաղտնիք չէ, հեքիաթ չասենք մեկս մյուսին»,-ասաց Այվազյանը և խորհուրդ տվեց Փոստանջյանին զրուցել մի քանի տնտեսվարողների հետ, քանի որ, իր խոսքով, ինտեգրացման պրոցեսով իրենք լրացուցիչ հնարավորություն են ստեղծում տնտեսվարողների համար:
Փոստանջյանը պնդեց, թե ՌԴ-ում հիմնական առաջին սպառման ապրանքները ներմուծվում են այլ երկրներից դոլարով, ինչպե՞ս կարող են չթանկանալ ապրանքները, երբ ռուբլին անկում է ապրում:
«Խնդրում եմ բառերս չձևափոխել՝ ասում եմ չի թան-կա-ցել»,-շեշտեց Այվազյանը՝ նշելով, թե չի կարող ասել, թե մի քանի ամիս անց գներն ինչպիսին կլինեն:
«Ինձ հետաքրքրում է ՀՀ տնտեսության վիճակը, ՌԴ-ի տնտեսության հետ կապված կարող եմ ենթադրություններ անել»,-եզրափակեց նա:










