Ռուբլու անկումը Մոսկվային քաղաքական խնդիրներով է սպառնում. WSJ

14:32 • 02.12.14

Ռուբլու անկումը կարող է Մոսկվայի համար վերածվել քաղաքական խնդիրների, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, երկուշաբթի ռուսական ազգային արժույթն ընկել է դոլարի նկատմամբ 6 տոկոսով, իսկ տարվա սկզբից նվազումը կազմել է մոտ 40 տոկոս:

 

Ինչպես նշում է թերթը, երկուշաբթի օրը ռուբլու կուրսի անկման պատճառը դարձել են նավթի գները և Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական պատժամիջոցների հետևանքները:

 

Մի կողմից նման արժութային «թուլությունն» օգնում է Ռուսաստանին, քանի որ թույլ է տալիս Մոսկվային ավելի շատ ռուբլի ստանալ նավթից դոլարով ստացվող եկամուտները ռուբլիով փոխանակելու ժամանակ, ասված է հոդվածում: Մյուս կողմից՝ վնաս է հասցվում ռուսական տնտեսության մասնավոր հատվածին, գրում է թերթը և հավելում, որ ռուբլու կուրսի հետագա նվազումը կարող է ուժեղացնել կապիտալի արտահոսքը:

 

Ռուսները ստիպված են ավելի շատ ռուբլի վճարել ներկրման համար, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների, և աճող գները կարող են քաղաքական խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար, ընդգծված է նյութում։