Չեմ կարծում, որ հասարակությունը շահագրգռված է մեծամասնական տեղերի իսպառ վերացմամբ. Է.Շարմազանով

10:14 • 02.12.14

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը , ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ են քննարկել համամասնական-մեծամասնական հարաբերակցությունը հօգուտ առաջինի ավելացնելու հարցը, նշեց, որ դա կարելի է քննարկել մարտ ամսին, երբ ՀՀ Նախագահն իր վերջանական որոշումը կհայտնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Իսկ դա, ըստ նրա, կարելի է քննարկել մինչև հերթական ընտրություններ: «Բայց ես չեմ կարծում, որ այդ քննարկումներին պատրաստ լինելը նշանակում է, թե Հանրապետականը պետք է իր կարծիքը մոռանա և ասի՝ ընդդիմություն ջա՛ն կամ Ռուբիկ Հակոբյան ջա՛ն, դու ինչ ասում ես, այդպես է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը և Երևանի ավագանու ընտրությունների փաստացի արդյունքների հիման վրա հերքեց թեզը, թե եթե մեծամասնական տեղերը պակասեցվեն, ապա իրենք կպարտվեն: «Եթե մայրաքաղաքում համամասնական ընտրակարգով հաղթել ենք իրենց բոլորին իրար հետ վերցված, ի՞նչն է խնդիրը: Իրենց ասածները փաստերի հետ չի համընկնում: Իրենք ասում են՝ եթե այսպես լինի դուք կպարտվեք, եղել է այդպես, բա ինչո՞ւ չենք պարտվել»,-ասաց նա:


-Ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ խորհրդարանի օրակարգում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, և իշխող կուսակցությունից մի քանիսն արդեն իսկ արտահայտվել են, որ դեմ չեք քննարկել համամասնական ընտրակարգի տեղերն ավելացնելու հարցը: Կոնկրետ սա Հանրապետական կուսակցության համար կոնսենսուսայի՞ն որոշում է, քննարկված և կա հստակ ձևակերպված դիրքորոշո՞ւմ։ Եվ եթե այո, ապա քանի՞ տեղի մասին է խոսքը՝ համամասնական կամ մեծամասնական:


-Նախ նշեմ, որ խնդիրը, որը ոչ իշխանական ուժերը բերել են պառլամենտ և որն այս պահին քննարկվում է, կարծում եմ, մի քիչ չափազանցված է և արհեստական, որովհետև մի կողմից նրանք խոսում են, որ տնտեսության վիճակը բարվոք չէ, իրենց ցանկության չափով տնտեսական աճ չկա, արտագաղթի հետ կապված խնդիրներ կան, աշխարհաքաղաքական խնդիրներ և, հանկարծ, բերում են առաջնահերթ հարց են դարձնում համամասնականի հետ կապված դիրքորոշումը: Շատ լավ գիտակցելով, որ այսօր դժվար թե պառլամենտում մեծամասնություն կազմեն այն պատգամավորները, որոնք դեմ են մեծամասնական տեղերի առկայությանն ամբողջությամբ: Խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք գնալով բարելավել և բարեփոխել ընտրական թե՛ պրոցեսը, թե՛ մեխանիզմները: Բայց սա ոչ թե ոտքի վրա իրականացվող քննարկում պետք է լինի՝ այս կամ այն քաղաքական գործչի կամ ուժի ամբիցիայից ելնելով, այլ պետք է ենթարկվի նաև մասնագետների հետ ծանրակշիռ քննարկման: Հիմա մեր դիրքորոշման մասին. մենք ասում ենք՝ այո, Հայաստանում կա համակարգային փոփոխությունների խնդիր, այն պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների միջոցով: Մինչև մարտ ամիս ՀՀ Նախագահը կտա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը, հետևաբար նաև՝ քաղաքական լուծումները: Ավելին՝ ինչպես իրավացիորեն նշում են մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է հստակություն մտցնել այդ հարցում, որպես սահմանադրական նորմ՝ ընտրական իրավունքի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Այսինքն՝ մենք քաղաքական առաջընթաց քայլ ենք կատարում, ոչ թե սա թողնում ենք մեծամասնության քաղաքական կամքին, ապագա նախագահի, վարչապետի քաղաքական կամքին, և սա ամրագրում ենք սահմանադրական փաստաթղթում:


Հիմա սրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարծում եմ՝ արդեն սահմանադրական բարեփոխումները երկրում կավարտվեն, կլինի բարեփոխում, թե չի լինի, դա արդեն հասարակությունը կորոշի, դրանից հետո մենք ունենք ժամանակ մինչև հերթական ընտրությունները, որպեսզի նաև քննարկենք համամասնականի և մեծամասնականի համամասնությունը:


-Այսինքն՝ փետրվար, մարտից հետո՞:


-Այս պահին էլ ենք քննարկում, բայց գործընթացն ավելի օբյեկտիվ ու ամբողջական կլինի, եթե դրանից հետո լինի: Եվ հաջորդը. որևէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների առկայությունը վնասում է ընտրական իրավունքի իրացմանը: Կա 41 մեծամասնական տեղ, որոնցից 28-ն են Հանրապետական կուսակցության անդամներ: Այսինքն, խնդիրը պետք է նայել ոչ թե ձևի մեջ, այլ՝ բովանդակության: Եվ ո՞վ է ասում, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները վատ են աշխատում, կամ նրանք մեզ պետք չեն, ես այդ կարծիքին չեմ:


-Կա՞ ինչ-որ ուսումնասիրություն, թե որն է օպտիմալ հարաբերակցությունը:


-Ամբողջ աշխարհում չկա կարծիք, որով կարելի է պնդել, որ այս մոդելը ճիշտ է, իսկ այս մոդելը՝ սխալ: Մենք պետք է քննարկենք և տեսնենք, թե որն է ավելի ընդունելի մոդել Հայաստանի համար: Բայց այն մոդելը, որ իրենք են առաջարկում՝ իսպառ վերացնել մեծամասնական տեղերը, ինձ համար այսօր ընդունելի չէ: Եթե իրենք այդպես են մտածում, ապա իրենց եռյակում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ ու նաև ղեկավար քաղաքական գործիչներ, ում հետևից իրենք վազելով գնում են, նաև միտինգներում տալիս են ընդդիմության լիդերի շնորհը և… Ո՞նց կարող են հայտարարել, թե մեծամասնականը վատ է: Բա որ մեծամասնականը վատ է, այդ մեծամասնական պատգամավորների հետևից ինչո՞ւ եք վազում: Այսինքն, գոնե այս պահին հնչող փաստարկները, հատկապես հիմնական զեկուցողի, իմ համար համոզիչ չէին: Ավելին, եթե դուք նախորդ նիստը նայել եք, կտեսնեիք, որ Հանրապետական պատգամավորների կոնկրետ հարցերին մարդը կամ չէր պատասխանում, կամ հարցին հարցով էր պատասխանում: Ես, որպես նիստ վարող, հիմնական զեկուցողից չստացա ինձ հուզող հարցերի պատասխանները: Ա՛յն, որ խնդիրներ կան, այո՛, այդպես է, ա՛յն, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր կարծիքներ ունեն այս հարցի շուրջ, սա էլ փաստ է, բայց ես չեմ կարծում, թե այսօր Հայաստանի թիվ 1 խնդիրը մեծամասնական ընտրակարգը վերացնելն է, կամ մեր ժողովուրդը շահագրգռված է, որպեսզի մեծամասնական տեղերը իսպառ վերանան:

 

Եվ, կրկնում եմ, այն կարծիքին չեմ, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների օգտակար գործողության գործակիցն ավելի բարձր է, քան մեծամասնականով ընտրվածներինը: Կորյուն Նահապետյանը, Էդմոն Մարուքյանը մեծամասնականով ընտրված պատգամավորներ են, վա՞տ են աշխատում: Կարող եմ բազմաթիվ անուններ տալ: Եվ դա ասում են մարդիկ, ովքեր եթե մեծամասնականով դնեն իրենց թեկնածությունը, կարող է ընդամենը 1000 ձայն հավաքել: Դրա համար եմ ասում, մենք պետք է խնդիրը ոչ թե զգացմունքային դաշտ բերենք, այլ պետք է նստենք և լուրջ քննարկենք: Մենք միշտ էլ քննարկումներին պատրաստ ենք, մենք որևէ քննարկում չենք մերժում որպես քաղաքական ուժ: Բայց ես չեմ կարծում, որ այդ քննարկումներին պատրաստ լինելը նշանակում է, թե Հանրապետականը պետք է իր կարծիքը մոռանա և ասի՝ ընդդիմություն ջան կամ Ռուբիկ Հակոբյան ջա՛ն, դու ինչ ասում ես, այդպես է: Ես անձամբ կարող եմ բազում փաստարկներ բերել, որ մեծամասնականի տեղերը կարելի է ավելացնել, ոչ թե պակասեցնել: Մեր խնդիրն ընտրական իրավունքի մեխանիզմների բարելավվումն է, և երկու մեխանիզմ կա. առաջին՝ սահմանադրական բարեփոխումների հստակ նորմ ամրագրենք, երկրորդ՝ բարեփոխենք ընտրական օրենսգիրքն արդեն սահմանադրական բարեփոխումներից հետո, եթե դրա անհրաժեշտությունը կա և գնանք առաջ:


Նաև առանձին ուզում եմ անդրադառնալ այն թեզին, որ եթե մեծամասնականը վերանա, եթե Հանրապետականը չի կարող հաղթել: Սա ինձ համար ծիծաղելի է: Ես եղել եմ Երևանի ավագանու շտաբի պետը և այդ ընտրություններին համամասնական ցուցակներով մասնակցել են Հանրապետական կուսակցությունը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, և Հանրապետականի ցուցակը ստացել է մոտ 58%: Եվ սա այն դեպքում, երբ իրենք էլ համարում են, որ Հայաստանի ամենաընդդիմադիր էլեկտորատը Երևանում է: Եթե մայրաքաղաքում համամասնական ընտրակարգով հաղթել ենք իրենց բոլորին իրար հետ վերցված, ի՞նչն է խնդիրը: Իրենց ասածները փաստերի հետ չի համընկնում: Իրենք ասում են՝ եթե այսպես լինի դուք կպարտվեք, եղել է այդպես, բա ինչո՞ւ չենք պարտվել:


Քանի դեռ իրենք չեն մտածել՝ ինչ անենք, ի՞նչ օրենք բերենք, ինչ անենք, որ Հանրապետականը պարտվի, իրենք են պարտվելու, որովհետև երբ որ դու ընդդեմ ես գնում, ոչ թե հանուն, քո մղումներն ազնիվ չեն: Եթե քո մղումները ազնիվ են, դու ամեն ինչ կանես, որ ընտրական օրենսգիրքը բարելավվի: Մենք կողմ ենք, որ ընտրական պրոցեսը բարելավվի, որ նստենք քննարկենք: Իհարկե, եկեք փորձագետների հետ քննարկենք, տարբեր առաջարկներ անենք, բայց իրենք բերում են ինտերակտիվ կարգով մի հատ առաջարկ՝ համամասնական ընտրակարգի անցնելու մասին ու կանգնում ասում՝ եթե դրան համամիտ չեք, ուրեմն դուք չեք ուզում գնալ քննարկման: Ընկեր ջան, այդպես չի լինում:

 

-Ձեր համար հասկանալի՞ է, թե խմբակցությունները, հատկապես ՀԱԿ-ը ինչու չեն միանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:

 

-Կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է: Ամեն մեկն իր կարծիքը ունի, ԲՀԿ-ն էլ է ասել, ՀԱԿ-ն էլ: Իմ համար պարզ է մի բան, որ այս նախագծով ամրագրվեց, որ Հայաստանի քաղաքական օրակարգում նախագահին իմպիչմենտի ու անվստահություն հայտնելու խնդիր առկա չէ, և այդ ստորագրահավաքը ապացուցեց մի բան, որ ՀՀ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը վստահում է Նախագահի կողմից իրականացվող քաղաքականությանը:

 

Ես փաստերով եմ խոսում: Ես արձանագրել եմ, որ օրենսդիր մարմնում ներգրավված տարբեր քաղաքական ուժերի 131 պատգամավորները, եթե չեն միանում, պարզ է, որ իշխանափոխությունը արհեստական բան է, որը բերված է օրակարգ: Փաստն այն է, որ մարդը առաջարկել է, միացել է ինքը ու երկու հոգի, այն էլ ոչ իր խմբակցությունից։ Նշանակում է, որ եթե մարդիկ չեն միանում, ուրեմն դրա դեմ են, իսկ եթե դեմ են, նշանակում է, որ օրակարգում Նախագահի անվստահության հարց դրված չէ, իսկ եթե դրված չէ, հետևաբար վստահում են Նախագահի քաղաքականությանը: