Իմ ձեռքերը կապված են, ես բանտում եմ, բայց պատրաստ եմ գնալ յուրաքանչյուր քայլի, որը կտանի մեր հաշտեցմանը. Վարդան Պետրոսյան

17:36 • 02.12.14

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատաքննության ընթացքում այսօր տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտարարեց, թե անցած շաբաթվա ընթացքում հանդիպել է տուժող կողմին, մի քանի անգամ խնդրել է հաշտության եզրեր գտնել:

Արձագանքելով հայտարարությանը՝ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը հայտարարեց. «Տուժած կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը առաջին անգամ դատարանում հրապարակավ խոսեց այն մասին, որ հանդիպել է տուժած ընտանիքների հետ, երկար զրուցել է նրանց հետ, և իր աշխատանքը բերել է դրական արդյունք՝ կապված հաշտեցման հետ: Ինձ համար դա մնում է ամենակարևորն այս ամբողջ դատական պրոցեսում: Իհարկե՛, խնդիրը կռիվ է, մենամարտ է, պաշտպանում են, հարցաքննում են, ես դա շատ լավ հասկանում եմ, ես էլ սպասում եմ, լուրջ, լուռումունջ: 

Բայց ամբողջ դատավարության ընթացքում փորձեր արվել են հաշտեցման, չի ստացվել: Ես չեմ մեկնաբանել, և ոչ ոք թող չմեկնաբանի: Բայց ես չեմ կարող չողջունել այն, ինչ ասաց քաղաքացի Բալոյանը, ինձ համար դա շատ ողջունելի է: 

Այնուամենայնիվ, փնտրվում են հաշտության եզրեր անկախ ամեն ինչից՝ լինի փորձաքննություն, չլինի փորձաքննություն, փորձաքննությունը կապացուցի սա կամ չի ապացուցի, ես դա գնահատում եմ շատ դրական քայլ: 

Ճիշտ հասկացեք, իմ ձեռքերը կապված են, ես բանտում եմ, բայց ինչքան հնարավոր է, ես պատրաստ եմ գնալ յուրաքանչյուր քայլի, որը կտանի մեր հաշտեցմանը: Ես միշտ մտածում եմ, որ այն ողբերգությունը, որ ապրում են ծնողները և նրանց հարազատները, բարձր է որևէ փաստաթղթային, որևէ դատավարական, որևէ փորձաքննական պրոցեսից
»: