Եղվարդից բացի, նույն սնունդը ստացած այլ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել. ՍԱՊԾ

18:19 • 02.12.14

2014թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.17-ին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոն ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ից ստացված ահազանգի առնչությամբ՝ իրականացվել են անհրաժեշտ վերահսկողական միջոցառումներ:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչության կայքը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից թունավորման ախտանիշներով հիվանդանոց էր տեղափոխվել ավելի քան 50 երեխա։


Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել են մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից. կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս: Այս սննդատեսակները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում:

 

Պարզվել է, որ կարագի, պանրի, ձվի, հավի և տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են:

 

Ճշտվել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:

 

ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները: Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարած նույն սննդից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ):

 


Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Տրվել են կասեցման կարգադրագրեր բոլոր ընկերություններին՝ մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարելու վերաբերյալ:

 

ՍԱՊԾ-ի կողմից լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն պարբերաբար: