52 տարեկանում առաջնեկին կյանք տված Զինաիդան խորհուրդ է տալիս վաղ տարիքում մայրանալ

17:16 • 02.12.14

Կյանքը քառասունից հետո չի վերջանում ու երբեք էլ ուշ չէ մայրության բերկրանքը վայելելու համար, 52-ամյա Զինաիդա Վարդերեսյանն էլ այս գաղափարի կրողն է ու հավաստիացնում է, որ կինը ցանկացած տարիքում պետք է մայրանա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի թիվ 804 հիվանդասենյակը վերջին երկու օրվա ընթացքում ամենափնտրվածներից է: Շատերն են ցանկանում հանդիպել տիկին Զինաիդային և շնորհավորել խիզախ քայլի համար: Զինադիան 52-տարեկանում է ծննդաբերել: Փոքրիկը լավ է, բժշկական բոլոր չափանիշներով համապատասխանում է նորմային, անունն էլ խորհրդանշական է` Մհեր, ի պատիվ հայկական էպոսի հերոս փոքր Մհերի: 

«Հղիությունը նորմալ է ընթացել: Կոչ կանեմ, որ կանայք ժամանակին ամուսնանան և ոչ թե ուրախանան մեկ կամ երկու բալիկով, այլ շատ երեխաներ ունենան` ազգային գենոֆոնդը հարստացնելու համար: Գուցե մի փոքր մեղքի զգացում ունեմ, որ երեխային մեծ տարիքում եմ ունեցել, բայց կարծում եմ կինը պետք է երեխա ունենա: Թող կանայք, ովքեր քառասունն անց են, հույսները չկտրեն, որ կարող են երեխա ունենալ, բայց ես կուզեի, որ ամուսնանան ժամանակին եւ բալիկներ ունենան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Զինադիան` հավելելով, որ եթե ստացվի, չի բացառում, որ երկրորդ բալիկն էլ կունենա:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը Զինաիդայի և Մհերի հետ է եղել` հղիության 10-րդ շաբաթվանից: Այս ամբողջ ընթացքում Զինադիան գտնվել է հսկողության տակ ու կատարել բժշկի բոլոր պահանջները:

Զինաիդան արտամարմնային բեղմնավորման արդյունքում է երեխա ունեցել: Բժիշկ Պողոսյանն ասել է, որ հղիությունը հարթ է ընթացել, իհարկե եղել են ռիսկեր, սակայն մոր ցանկությունն ու բժիշկների պրոֆեսիոնալիզմը կարողացել են հարթել բոլոր պրոբլեմները։