«Հարավային հոսքը» փակելու որոշումը ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցների արդյունքն է. ԱՄՆ

08:39 • 03.12.14

Ռուսաստանի որոշումը՝ «Հարավային հոսք» նախագիծը փակելու վերաբերյալ, ՌԴ-ի վրա գործադրված ճնշումների հետևանքն է՝ ներառյալ նրա դեմ գործող պատժամիջոցները. ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Ստրոհը:

 

«Այդ հաղորդագրությունները («Հարավային հոսքը» փակելու մասին) վկայությունն են այն բանի, որ Ռուսաստանի վրա մի շարք ճնշումներ կան՝ ներառյալ պատժամիջոցները, ինչպես նաև խոսում են այն մասին, որ եվրոպական երկրները ցանկանում են նվազեցնել Ռուսաստանի հնարավորությունները՝ գազը որպես զսպման գործիք օգտագործելու առումով»,-ասել է պաշտոնյան:

 

Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանն այս պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրագործումը՝ նախ Եվրամիության ապակառուցողական կեցվածքի պատճառով: Նա նշել էր, որ դեռ չի ստացվել Բուլղարիայի թույլտվությունը երկրի բացառապես տնտեսական գոտի այդ նախագծի մուտքի համար։ 


«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերն էլ հայտարարել է, որ «Հարավային հոսքը» փակված է: