Ընդդեմ բռնությունների բողոքի ակցիան ավարտվեց ՄԻՊ ներկայացուցիչների այցով
ՀՀ ոստիկանության մոտ ընդդեմ բռնությունների իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին այցելեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները: Նրանք նախ լսեցին երթի մասնակիցների բողոքները՝ արձանագրելով, որ փողոցն անցնելու իրավունք բոլորն ունեն, ապա զրուցեցին ոստիկանների հետ:
«Հավաքի մասնակիցներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և տեղեկացրել, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տալիս անցնել փողոցը»,-տեղեկացրեց ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ոստիկանության պաշտոնյան ասել է, որ կկապվի իր վերադասի հետ և կփորձի հասկանալ, թե ինչ է եղել: «Խնդրի վերաբերյալ սպասում ենք, որ ոստիկանն իր վերադասից պարզաբանում ստանա, որպեսզի խոսակցությունը շարունակվի: Ոստիկանն ասում է, որ հավաքի մասնակիցներն իրենց ագրեսիվ են պահում, դրա համար չեն թողնում անցնել ոստիկանության շենքի մայթ»,-ասաց նա։
Վերջում նրանք խորհուրդ տվեցին ցուցարարներին դիմում ներկայացնել Պաշտպանի գրասենյակ, որպեսզի ավելի խորը ուսումնասիրություն կատարվի՝ հասկանալու համար, թե որքանով էին իրավաչափ ոստիկանների գործողությունները:
Բողոքի ակցիան ավարտվեց ոստիկանության շենքի մոտ:










